Արցախյան պատերազմում ահաբեկիչների մասնակցության ևս մեկ ապացույց. սովի մատնված գրոհայինները բողոքի ակցիա են անցկացրել

Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից ներգրավված «Սուլեյման Շահ» թուրքամետ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Աֆրինում բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով իրենց հասանելիք աշխատավարձը, որն արդեն մի քանի ամիս է չեն ստացել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ANFnews-ը, նրանք դրանում մեղադրում են իրենց հրամանատար Աբու Համշային, ով, ըստ գրոհայինների, թուրք հովանավորներից ստացված գումարները  յուրացրել է: Վարձկանները «Տելեգրամ» ալիքում կիսվել են բողոքի ակցիայից տեսանյութով:

«Մենք Լեռնային Ղարաբաղ էինք գնացել թուրքական պետության հետ միասին: Մենք ունենք նահատակներ։ Բրիգադի հրամանատար Աբու Համշան  վերցրել է մեր փողերն ու նահատակների ընտանիքների փողերը: Նույնիսկ ուտելու փող չունենք: Մենք դա չենք ընդունում»,- նշում է վարձկաններից մեկը: