«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում այսօր տնկվել է 1000 ծառ, ապրիլի 25-ին կտնկվի 100 հազարը. Նախարարը մանրամասնել է

Այսօր Արագածոտնի մարզում էի, որտեղ պաշտոնապես տրվեց «10 միլիոն ծառ» համահայկական նախաձեռնության 2021 թվականի ծառատունկերի մեկնարկը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«ՇՄ նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանի, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանի, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Խուրշուդյանի ու համալսարանի ուսանողների հետ հյուընկալվել էինք Արագածոտնի մարզում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի՝ Կարինի տնկարանում, որը հիմնադրամի առաջին տնկարանն է՝ հիմնված 1996 թվականին։ Ներկա էր նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։

Ողջունելով ներկաներին՝ ազդարարեցի «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021 թվականի ծառատունկերի մեկնարկի մասին ու մեկ անգամ ևս անդրադարձա ծառ տնկելու ու անտառվերականգնման շնորհակալ գործին։

Օրվա խորհուրդը մենք պայմանավորել ենք վերածննդի հետ։ Ծառ տնկելն ինքնին, բացի շնորհակալ գործից, հետպատերազմյան վերականգնման այս շրջափուլում մեր ժողովրդի, պետության ու պետականության, Արցախի Հանրապետության համար նաև վերածննդի խորհուրդ ունի։ Շրջակա միջավայրի նախարարությունն իր կարողությունների ամբողջական ներգրավմամբ, Կառավարության մյուս գերատեսչությունների հետ, մարզպետարանների օժանդակությամբ, Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների, ուսումնական հաստատությունների հետ համատեղ մտադիր է Հայաստանում և Արցախում տնկել 10 միլիոն ծառ։

Ներկայացրեցի նախարարության կողմից նախատեսած ծառատունկերի ժամանակացույցը և խոսեցի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան հաջորդող օրը՝ ապրիլի 25-ին սպասվող համապետական ծառատունկի մասին, որի ժամանակ տնկվելու է 100,000 ծառ։

Այս ամենը միտված է ավելի լավ, կանաչ, խնամված ու պատասխանատու կառավարման ներքո շրջակա միջավայրի կայուն զարգացումն ապահովելու նախադրյալներ ստեղծելուն և արդյունավետ կառավարում իրականացնելուն։

Անդրադարձ կատարեցի Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի միջև կնքված հուշագրով ամրագրված փոխգործակցությանը, վերհաստատելով, որ անտառների արդյունավետ պահպանման, կառավարման ու զարգացման գործում կա երիտասարդ, հավակնոտ, առաջադեմ ու ինովատիվ հայացքների տեր,կարծրատիպեր կոտրող երիտասարդ մասնագետների կարիք։

«10 միլիոն ծառ» նախաձեռնությունը մեր երկու կառույցների միջև կնքված հուշագրի ու երկուստեք համագործակցության պատրաստակամության, բարի կամքի ու բարեկամության կյանքի կոչման համար լավագույն հնարավորությունն է, և հույս ունեմ, որ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը կապահովի երիտասարդների ավելի լայն ներգրավվածությունը գործընթացին։

Ծառ տնկելը, խնամելը, ամենաշնորհակալ գործն է։ Յուրաքանչյուր մարդ, ով ծառ է տնկում ու խնամում շրջակա միջավայրի մի բաղադրիչ, հաստատապես լավ քաղաքացի է պետության համար։ Ելույթներով հանդես եկան նաև Արագածոտնի մարզպետը և մյուս հյուրերը։

Միջոցառման առաջին մասի ավարտից հետո Արագածոտնի մարզպետ հետ տնկարանի տարածքում խորհրդանշական ծառատունկ իրականացրեցինք, որից հետո տնկարանի մասնագետների ուղեկցությամբ ուսանողների հետ շրջայց կատարեցինք տարածքում՝ ծանոթանալով առկա հզորություններին և իրականացվող հսկայածավալ ծրագրերին։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Քուչակ գյուղի տարածքում տնկվեցին «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021 թվականի ծառատունկերի մեկնարկն ազդարարող առաջին 1000 ծառերը։

Ծառատունկն իրականացվեց «Հայանտառ»-ի աշխատակիցների գործուն աջակցությամբ, ովքեր ուսանողներին ներկայացրեցին ծառատունկի ողջ գործընթացը, կիսվեցին իրենց փորձով և օգնեցին ծառեր տնկել՝ դառնալով այդչափ կարևոր համահայկական վերածննդի նախաձեռնության մի մասնիկը», -նշել է նախարարը։