Օտարերկրյա ներդրումները շարունակում են նվազել

Fip.am-ը գրում է.

Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է դրսից փոխանցվող գումարներից (տրանսֆերտներ, վարկեր, ներդրումներ և այլն), հետևաբար՝ օտարերկրյա ներդրումների աճն ուղիղ խթան է տնտեսության զարգացմանը և հենց սա է պատճառը, որ կառավարությունները մշտապես փորձել են երկիրը գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար։

Հեղափոխությունից հետո նոր իշխանությունները բազմիցս հայտարարեցին, որ հեղափոխության արդյունքներից մեկը՝ դրսի ներդրողի համար անվտանգ, կանխատեսելի տնտեսության, հովանավորչության բացակայության ու օրենքի գերակայության հաստատումն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից մի քանի ամիս անց՝ 2019 թ. հունվարի 29-ին, ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում, խոսելով հեղափոխության արդյունքների մասին, հայտարարել էր, որ արդեն իսկ նկատելի են դրա արդյունքները։ Որպես օրինակ վարչապետը նշել էր, որ 2018-ի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ 

Հիշեցնենք, որ 2018 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին, ըստ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել էր 77,9 մլն դոլար, իսկ 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 51,6։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենտրոնական բանկը վերջերս հրապարակեց վճարային հաշվեկշռի թարմացված տվյալները, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել անկախությունից ի վեր Հայաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների վիճակագրությունը։

Կենտրոնական բանկի հաշվետվություններում մեկնարկային տարին 1993 թվականն է։ Այդ տարի երկրում կատարված ներդրումների ծավալը չնչին էր՝ ընդամենը 800 հազար դոլար։ 

Հաջորդող տարիներին ներդրումները որոշակի տատանումներով, բայց սկսեցին աճել, և 2003 թվականին արդեն դրանք դարձան 122,9 մլն դոլար։ Իսկ 1998 թվականին, նույնիսկ կարելի է ասել, երկրում ներդրումային բում էր։ Այդ տարի Հայաստանում արվել է 232,4 մլն դոլարի ներդրում, ինչը մոտ 4,5 անգամ ավել էր նախորդ տարվանից։

Սկսած 2004 թվականից ներդրումները սկսեցին մեծ տեմպերով աճել և 2008 թվականին գրանցվեց իրական ներդրումային բում, երբ մեկ տարվա ընթացքում Հայաստանում արտասահմանից կատարված ներդրումների ծավալը կազմեց մոտ 950 մլն դոլար։

Հաջորդ տարվանից սկսած ներդրումները սկսեցին շարունակաբար նվազել և որոշակի տատանումներով 2017 թվականին կանգ առան 250 մլն դոլարի սահմաններում։ Դրան հաջորդող երկու տարիներին՝ 2018 և 2019 թվականներին օտարերկրյա ներդրումները կազմեցին 254,1 մլն դոլար, իսկ արդեն նախորդ՝ 2020 թվականին, Հայաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումները գրանցեցին ամենացածր մակարդակը 2003 թվականից ի վեր։ Նախորդ տարի Հայաստանում ներդրումները կազմեցին ընդամենը 117,3 մլն դոլար, ինչն ավելի քան 2 անգամ պակաս է դրան նախորդող 3 տարիներից։

Այսպիսով փաստենք, որ հեղափոխությունից հետո նոր իշխանությունները խոստանում էին աննախադեպ ներդրումային բում, մինչդեռ վերջին 3 տարիներին օտարերկրյա ուղղակի ներդրումները ոչ միայն չեն ավելացել, այլև նախորդ տարի կրճատվել են ավելի քան երկու անգամ՝ գրանցելով վերջին 18 տարիների ամենացածր արդյունքը։