«Ես պահանջում եմ, որ Հայաստանի կառավարությունը շատ արագ պատասխանի Ալիևի բարբաջանքներին»․ Նորայր Նորիկյան

Նորայր Նորիկյանը

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքի էջում գրել է․

«Ես չե՛մ հասկանում՝ Ալիևի զառանցանքներին, պատմության բացահայտ զեղծարարությանն ու նենգափոխմանը, սողացող տգիտությանը, ակնհայտորեն մեր պետության տարածքների, մեր հայրենիքի նկատմամբ բացահայտ զավթողական գործունեությանն ու նկրտումներին պաշտոնական Երևանի կողմից հիմնավորված ու պատճառաբանված պատասխան տրվելու՞ է, թե՞ ոչ։

Այո՛, մենք թույլ տվեցինք, որ այս մարդը դառնա այս աստիճան լկտի ու սանձարձակ։Ի՞նչ բանակցություն այս մարդու հետ, երբ սա բարձրաձայն խոսում է Զանգեզուրի, Սևանա լճի ու Երևանի մասին։

Ես պնդում եմ, որ այս մարդուն պետք է իջեցնել ամպերից, հասկացնել, որ արցախյան հակամարտության պատմությունն ավարտված չէ, որ առաջին պատերազմում հաղթել ենք մենք, երկրորդում՝ իրենք, և հանգուցալուծում դեռևս չկա, իսկ հաշիվը՝ հավասար է:

Այս մարդուն պետք է ուղղակի բառացի ասել, որ Ղարաբաղը, այնուամենայնիվ, Ադրբեջան չէ, մանավանդ, որ սեփական ժողովուրդը, մի օր անպայման հարցնելու է, որ եթե դու հաղթել ես, ապա ի՞նչ գործ ունեն ՛՛Հաղթած՛՛ երկրում Ռուսաստանի ու Թուրքիայի զորքերը:

Սրա քիթը պետք է տրորել ու ցույց տալ իր իսկական տեղը՝ ուժեղ, ազդեցիկ ու արդար պետություն ստեղծելով։Ես պահանջում եմ, որ Հայաստանի կառավարությունը շատ արագ պատասխանի Ալիևի բարբաջանքներին՝ միաժամանակ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելով այս մարդու մոլագար վարքագծի վրա»։