Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 1979 հա տարածք

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Ռուս խաղաղապահները մեկ օրվա ընթացքում ականազերծել են 10 հա տարածք, 4 կմ ճանապարհ, 7 շինություն, հայտնաբերել և վնասազերծել՝ 7 պայթյունավտանգ առարկա:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 979 հա տարածք, 612 կմ ճանապարհ, 1 707 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 556 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։