ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ներկա փուլում լիազորված չեն առաջադրվելու ԱՄՆ նախագահի պաշտոնին։ Վենսը նշել է, որ այս հարցը կքննարկի նախագահ Դոնալդ Թրամփի հետ 2026 թվականի միջանկյալ ընտրություններից հետո։ Այս մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Վենսը նշել է. «Մենք հնարավոր ամեն ինչ անելու ենք միջանկյալ ընտրություններում հաղթելու համար։ Եվ դրանից հետո ես կնստեմ Միացյալ Նահանգների նախագահի հետ և նրա հետ կխոսեմ այդ մասին»։ Նա ընդգծել է, որ այս պահին կենտրոնացած է ներկա աշխատանքի վրա՝ հավելելով. «Եթե ամեն ինչ լավ անենք, քաղաքականությունն ինքն իր մասին կհոգա։ Ուստի ես պարզապես կենտրոնանալու եմ իմ աշխատանքի վրա»։
Լրագրողը նաև հարց է ուղղել Վենսին Մարկո Ռուբիոյի հետ հարաբերությունների մասին՝ նշելով այն տեսակետը, թե նրանք մրցակիցներ են։ Վենսը պատասխանել է. «Ինձ հարցրել են՝ «Դուք Մարկոյին որպես մրցակից տեսնո՞ւմ եք»։ Եվ նախևառաջ, եթե մեզնից որևէ մեկը թեկնածությունն առաջադրի, դա շուտ չի լինի, և մեզնից ոչ մեկը լիազորված չէ դա անել։ Ուստի կարծում եմ՝ իմ կողմից ծիծաղելի կլիներ ասել, որ Մարկոն իմ մրցակիցն է։ Ոչ, Մարկոն գործընկեր է»։
Վենսը հավելել է, որ այժմ վարչակազմն ու հանրապետական մեծամասնությունը դեռ մեկ տարուց ավելի ժամանակ ունեն իրենց ծրագիրը մինչև 2026 թվականի միջանկյալ ընտրությունները իրականացնելու համար։
Ինչպես Ջեյ Դի Վենսը, այնպես էլ Մարկո Ռուբիոն դիտարկվում են 2028 թվականի նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածուներ։



















