«Շախմատով չի կարելի սահմանափակվել». վանաձորցիների կարծիքով պետությունը լուրջ բացթողումներ ունի մյուս մարզաձեւերի զարգացման ուղղությամբ

«Շախմատով չի կարելի սահմանափակվել». վանաձորցիների կարծիքով պետությունը լուրջ բացթողումներ ունի մյուս մարզաձեւերի զարգացման ուղղությամբ
«Շախմատով չի կարելի սահմանափակվել». վանաձորցիների կարծիքով պետությունը լուրջ բացթողումներ ունի մյուս մարզաձեւերի զարգացման ուղղությամբ

Վանաձորում շախմատը շատ տարածված մարզաձեւ է դարձել, քանի որ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում այս մարզաձեւին ու ցանկացած ոք կարող է շախմատի անվճար դասերի հաճախել:
Սակայն քաղաքում գրեթե անուշադրության են մատնված այլ մարզաձեւերը, պետական հոգածություն չկա, ինչի հետեւանքով ընդհանրապես չի զարգանում մարմնակրթությունը:

Շախմատ խաղալ 13-ամյա Հայկը սովորել է Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում, որը մինչեւ 2009-ը գործում էր Վանաձորի շախմատի ակումբում դեռեւս 1997 թվականից 170 սաներով:

Հայկի հայրը` մաթեմատիկոս Ժիրայր Ղազարյանը, համոզված է` եթե որդին հետագայում շախմատիստ էլ չդառնա, այնուամենայնիվ, դպրոցից շահած է դուրս գալու:

«Շախմատը ինտելեկտուալ խաղ է, զարգացնում է տրամաբանությունը, մտածողությունը: Շախմատը նույն կյանքն է: Կյանքում էլ նույն բարդ իրավիճակներն են, իսկ շախմատը նպաստում է, որ երեխայի մոտ ձեւավորվեն կամք, համառություն, պայքարելու ձգտում, ճիշտ մտածելու, ուշադիր լինելու կարողություն, որպեսզի կյանքի դժվարությունները հաղթահարի, ոչ թե երկնչի ու պարտվի»,- ասում է հայրը:

Հայկը շախմատով զբաղվելու արդեն 4-րդ տարում՝ 2010-ին, Հայաստանի պատանիների եւ աղջիկների մինչեւ 12 տարեկանների առաջնությունում 5-րդ հորիզոնականը գրավեց եւ իրավունք ստացավ մասնակցելու շախմատի Եվրոպայի առաջնությանը:

«Սկզբում հեռուստացույցով էի տեսել շախմատ, չէի պատկերացնում, որ այսքան հետաքրքիր կլինի: Հիմա արդեն շախմատն ինձ համար առաջնային տեղ ունի: Խաղի ընթացքում չեմ վախենում պարտվելուց: Դա էլ մի պատերազմ է, որտեղ ցանկացած անհաջողություն նոր հաղթանակի սկիզբ է դնում»,-բացատրում է Հայկը, ով բացի շախմատ խաղալը՝ սիրում է պատմական գրքեր կարդալ, մարնամարզությամբ զբաղվել, տանն էլ խնամում է սիրելի թութակներին:

Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց երեխաների ընդունելությունն սկսվում է 5,5 տարեկանից: Դպրոցի տնօրեն Արշակ Ռամազյանի կարծիքով սա շախմատային օրենքները յուրացնելը սկսելու ամենալավ տարիքն է:

«Շախմատի միջոցով երեխայի մոտ դեռ փոքրուց կարգապահություն, կամք, համառություն է դաստիարակվում: Շախմատը սովորեցնում է դժվարությունները հաղթահարել, չկոտրվել: Մի բան է, երբ դու այդ ամենը հասուն տարիքում ես ձեռք բերում, եւ այլ բան է, երբ քո մտածողության շնորհիվ հետագա անելիքներդ դեռ փոքրուց ես մի քանի քայլ առաջ տեսնում»,-բացատրում է տնօրենը:

Արշակ Ռամազյանի կարծիքով հենց սա է էական տարբերությունը շախմատով զբաղվող երեխաների ու չզբաղվողների միջեւ:

Շախմատի դպրոցին պետությունը տարեկան 12 միլիոն դրամ է հատկացնում: Իսկ եվրոպական չափանիշներին համապատասխան մասնաշենք ունենալն ու անհրաժեշտ գույքով ապահով լինելը նպաստել է քաղաքում շախմատասերների նոր բանակի ստեղծմանը:

«Երեք տարի առաջ 170 աշակերտով տեղափոխվել ենք այստեղ, այսօր այդ թիվը համարյա թե կրկնապատկվել է»,- ասում է տնօրենը:

Արդեն 10 տարի շախմատով զբաղվող, Մոսկվայում անցկացվող «Աէրոֆլոտ-օփեն» միջազգային մրցաշարի հաղթող, 17-ամյա Դավիթ Շահինյանն իր կյանքը առանց շախմատի չի պատկերացնում:

«Շախմատն ինձ շատ բան է տվել: Ցանկացած հաղթանակ կամ պարտություն ավելացնում են ձգտումներս: Սա կյանքի յուրօրինակ դպրոց է, ինչն ինձ կոփում եւ ուժեղ է դարձնում՝ նպաստելով, որ կյանքս ճիշտ կառուցեմ ու սխալներ քիչ անեմ»,- ասում է վանաձորցի պատանին:

Դավիթը չի սահմանափակվում միայն շախմատի պարապմունքներով, զուգահեռաբար լողով է զբաղվում, բակի երեխաների հետ էլ սիրում է ֆուտբոլ խաղալ:

Սակայն, ոչ բոլորն են Վանաձորում ուզում, որ իրենց երեխաները շախմատով զբաղվեն: Մինչդեռ` նույն հոգածությունը մյուս սպորտաձեւերի հանդեպ նրանք չեն տեսնում:

38-ամյա Արա Սարգսյանը, ով 7 տարի զբաղվել է սեղանի թենիս մարզաձեւով, կարծում է` Վանաձորում շախմատային հաջողությունը պայմանավորված է անվճար ուսուցմամբ:

«Շախմատ շատերն են սովորում, ուստի լավերի ընտրությունն էլ է հեշտ լինում, իսկ մյուս մարզաձեւեր քչերին է բախտ վիճակվում սովորել, ամեն մեկը չի կարողանա վճարել»:

Մարմնակրթության ուսուցչուհի Գայանե Գրիգորյանի կարծիքով` վանաձորցի երիտասարդներին պակասում է ֆիզիկական զարգացվածությունը, որը անհրաժեշտ է զարգացնել. «Ֆիզիկական կոփվածությունն էլ է կարեւոր, թեկուզ հենց շախմատում, վերջում հաղթում է նա, ով ֆիզիկապես կոփված է»:

43-ամյա Մանուշակ Պետրոսյանը, ում երեխան ֆուտբոլով է զբաղվում, կարծում է, որ պետությունը նույն հոգատարությամբ պիտի վերաբերվի նաեւ մյուս սպորտաձեւերին:

«Մյուս սպորտաձեւերին ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում, լուրջ բացթողումներ ունեն մյուս մարզաձեւերի զարգացման համար: Մարզիկներ կան, որ շատ մեծ հնարավորություններ ունեն զարգանալու, սակայն գումար չունեն՝ դրան հասնելու համար: Օգնելու փոխարեն՝ մի բան էլ թեւերը կոտրում են, լավերն էլ ստիպված՝ թողնում, գնում են երկրից»,- մտահոգ խոսում է Պետրոսյանը:

Ստեփան Սարգսյանի անվան «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի համալիր մարզադպրոցում 9-18 տարեկան երեխաներն անվճար հաճախում են ձյուդոյի, սամբոյի եւ ազատ ոճի ըմբշամարտի պարապմունքների:

Մարզադպրոցի տնօրեն Ռուդոլֆ Խաչիկյանի համոզմամբ` պետությունը հատկապես մանկապատանեկան սպորտաձեւերին անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում:

«Խոստումնալից երեխաներին էլ, ովքեր չունեւոր են, պետք է օգնել, որ հետագայում սպորտի մեջ քայլ անեն, զարգանան: Այս երեխաներին մեր միջոցներով ենք առաջ տանում»,- ասում է Խաչիկյանը:

Մրցումներին գնալու համար անհրաժեշտ գումարները, երեխաների համազգեստները, ընթացիկ վերանորոգումները մարզադպրոցը հոգում է իր միջոցներով. «Բացի դրանից, տարեկան 440000 դրամ գույքահարկ ենք վճարում: Եթե գոնե գույքահարկը չտանք, դպրոցը հնարավորություն կունենա այդ գումարը երեխայի վրա ծախսելու»:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

© Medialab.am