Պատերազմի ընթացքում հակառակորդը թիրախավորել է նաև շտապօգնության մեքենաները. պարկը համալրվում է

Հայաստանում շտապօգնության մեքենաների պարկը համալրվում է, առաջիկայում հատկապես Սյունիքում ամբուլատորիաները նոր մեքենաներ կստանան:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով ԼՀԿ-ից Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե հատկապես Սյունիքում գյուղական ամբուլատորիաները երբ մեքենաներ կստանան:

Նախարարը նշեց, որ այս տարվա ընթացքում  կառավարության կողմից են ձեռք բերվել լրացուցիչ շտապօգնության մեքենաներ: «Պատերազմի ընթացքում մեր շտապօգնության մեքենաները 24 ժամ անընդհատ ճանապարհներին էին, ունեինք նաև վնասված շտապօգնության մեքենաներ: Ցավալի է, սակայն մեր թշնամին նաև շտապօգնության մեքենաներն էր թիրախավորում:

Եվ շատ արագ որոշում կայացվեց, որ մեր շտապօգնության մեքենաների պարկը պետք է համալրվի: Մենք կառավարության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով մեքենաներ ձեռք բերեցինք, բացի այդ մեր սփյուռքի կողմից ստացանք բավականին աջակցություն: Եվ մինչև օրս դեռևս ժամանում են նվիրաբերված շտապօգնության մեքենաները: Մեր պարկը բավականին համալրվել է»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ Սյունիք կատարած իր այցի ընթացքում բարձրացվել է որոշ մեքենաների վնասված լինելու հարցը: «Եվ մենք միանշանակ դիտարկում ենք սյունեցիների մեքենաների պարկը թարմացնելու հարցը: Բայց պետք է շատ ուշադիր լինել, որովհետև տրամադրելով շտապօգնության մեքենա՝ պետք է նաև ճիշտ հաշվարկել դրա պահպանման հարցերը, որ դա ոչ թե բեռ լինի տվյալ ամբուլատորիայի վրա, այլ ծառայի իր նպատակներին»,- ասաց նա:

Ավանեսյանը վստահեցրեց, որ հարցը նախարարության ուշադրության ներքո է, և իրենք առաջիկայում ճիշտ որոշում կկայացնեն, թե այդ նպատակի համար որ տիպի մեքենաներն են առավել հարմար:

Արփինե Արզումանյան

MediaLab.am