Վիկտոր Ենգիբարյանը Եվրանեսթ ԽՎ լիագումար նիստում անդրադարձել է Բաքվի «պուրակին»

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը ԽՎ լիագումար նիստի ընթացքում կոչ է արել դատապարտել Բաքվում բացված «պուրակը»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատգամավորի ելույթը հրապարակել է խորհրդարանի պաշտոնական կայքը:

«2020 թվականի սեպտեմբերին անդամ երկրներից մեկը` Թուրքիայի, Պակիստանի և վարձկանների աջակցությամբ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա: Նոր երևան եկած ապացույցների լույսի ներքո հրադադարի մասին հայտարարության ստորագրումից որոշ ժամանակ առաջ հայտնի ցեղասպանագետ Գրեգորի Սթանթոնի գլխավորած Genocide Watch կազմակերպությունն Ադրբեջանի ագրեսիան որակել է որպես ցեղասպանության վտանգ»,- նշել է Ենգիբարյանը:

Պատգամավորը հավելել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ հրադադարի հայտարարությունից և խաղաղարար առաքելության միջնորդությունից 5 ամիս անց Ադրբեջանում տեղի է ունենում «ռազմական ավարների պուրակի» բացում, որը ցուցադրում է հայ զինվորների ռասիստական ծաղրանկարներ, ինչը Ադրբեջանի կառավարության որդեգրած ֆաշիզմի և ցեղասպան քաղաքականության ապացույցն է:

«Զազրելի է մեր ադրբեջանցի գործընկերների` ապատեղեկատվության տարածման գործընթացում ակտիվացումը, բայց ավելի է նյարդայնացնում ժողովրդավարական շատ երկրների անտարբերությունը: Ինչպես ասել է Մարտին Լյութեր Քինգ կրտսերը` «Ի վերջո, մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը»: Այնուամենայնիվ, եվրոպական շատ երկրների խորհրդարաններ և ղեկավարներ դատապարտեցին Ադրբեջանին, և ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են եղել այս դժվարին ժամանակահատվածում»,- եզրափակել է Վիկտոր Ենգիբարյանը:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստն անցկացվել է առցանց ձևաչափով: