«Արևածաղիկ» Արփի Մաղաքյանին. «Մեդիալաբն» արժանացել է իր առաջին մրցանակին

Այսօր ամփոփվել են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ հայտարարած «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման ութերորդ մրցույթի արդյունքները, որում «Մեդիալաբն» արժանացել է իր առաջին մրցանակին:
Արդեն ավանդական դարձած «Արևածաղիկ» անվանումը կրող ամենամյա մրցույթին, որի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորություններ ապահովելու գաղափար քարոզելն է, ներկայացվել են 19 տպագիր, 3 ռադիո և 7 հեռուստատեսային նյութեր մայրաքաղաքից և մարզերից:

«Մեդիալաբի» լրագրող Արփի Մաղաքյանի «Մի ուրիշ աշխարհում. չնայած դժվարություններին` գույների, վայրկյանների և շարժումների մեջ, Տիգրանը շարունակում է սիրել կյանքը և ժպտալ» հոդվածն արժանացել է «Լավագույն տպագիր հոդված» անվանակարգի 2-րդ մրցանակին:

Անվանակարգի 1-ին մրցանակը ստացել է Գորիսի «Բան ու գործ» թերթի լրագրող Լենա Հովսեփյանը` «Կուզեմ միայն, որ կիրակի օրերին մինչև կեսօր մարշրուտնի աշխատի…» հոդվածի համար:

3-րդ մրցանակին արժանացել է «Հետք» շաբաթաթերթի լրագրող Սոնա Ադամյանը`«Նախ վերաբերմունքը փոխել հաշմանդամ մարդու նկատմամբ, հետո` օրենքը» հոդվածի համար:

«Լավագույն հեռուստանյութ» անվանակարգի 1-ին մրցանակին արժանացել է «Հայլուր» լրատվական ծրագրի լրագրող Զարուհի Արզումանյանը` «Շոշափելի գիտելիք կամ կրթություն սպիտակ դասագրքով» ռեպորտաժի համար: «Լավագույն ռադիոնյութ» անվանակարգի առաջին մրցանակակիր է ճանաչվել Հանրային ռադիոյի «Երևան» ծրագրի լրագրող Կարինե Կարապետյանի «Մենք հավասար ենք, երբ հավասար են պայմանները» ռադիոռեպորտաժը:

© Medialab.am