Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին ելույթ է ունեցել և անդրադարձել իշխանության և իր հասցեին հնչող քննադատություններին: Խոսքը վերաբերում է ընդդիմության, մասնավորապես քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի քննադատություններին, գրում է Ermenihaber.am-ը։
Հարկ է նշել, որ ընդդիմադիր գործիչները վերջին շրջանում անդրադառնում են քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերի՝ թուրք իշխանավորների հետ կապեր ունենալու մասին բացահայտումներին: Այս թեմայով Քըլըչդարօղլուի հայտարարություններն Էրդողանն անվանել է զրպարտություն։
Նրա պնդմամբ՝ այսօր աշխարհում Թուրքիային մեղադրողների և զրպարտողների հետևում կանգնած է 3-4 խմբավորում:
Էրդողանի դասակարգման համաձայն՝ առաջինը Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպությունն է և նրան հարող քաղաքական ու քաղաքացիական կառույցները:
Երկրորդը՝ գյուլենական համայնքը (կառույցը 2016թ հեղաշրջման փորձից հետո FETÖ ահաբեկչական կազմակերպություն է անվանվում):
Թուրքիայի նախագահն այս շարքում նշել է նաև հայկական կազմակերպություններին՝ անելով հետևյալ շեշտադրումը.
«Մեր երկրի դեմ տարվող արշավների մեկ այլ կարևոր աջակիցն է վաղուց արևմուտքում գործող ձեռքերն արյունոտ հայկական կազմակերպությունները: Հիմա այս բոլորին ավելացել են նաև հանցավոր խմբավորման անդամները: Բոլոր այս կառույցները ըստ էության ինչ-որ իմաստով սնվում են միևնույն աղբյուրներից, ուղղորդվում են միևնույն ձեռքերի կողմից: Իհարկե, այս ցուցակին պետք է ավելացնել մի շարք քաղաքական գորիծչների, որոնք հանուն իրենց անձնական շահի կրկնում են այս թեմաները»:
Աղբյուր` Ermenihaber.am