Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում ինքնաձիգներ և այլ հրազեններ են կամավոր հանձնել

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է, որի շրջանակներում իրականացրած բացատրական աշխատանքի արդյունքում Երևանում բնակվող մի տղամարդ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու 5,45 մմ տրամաչափի 120 փամփուշտ։

Առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգի, «Ֆ-1» տիպի նռնակի, պայթուցիչի և տարբեր հրազենների ու տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Մասիսի բաժնում։ Արդյունավետ էր նաև Ջերմուկի ոստիկանների բացատրական աշխատանքը։

Քաղաքի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք, ըստ նրա, անցած տարի բերել էր Արցախից։ Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Միխայլովկա գյուղում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է ինքնաձիգ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ ու տարբեր տրամաչափի 120-ից ավելի փամփուշտ։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Գյումրիում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «ՏՏ» ատրճանակ։ Ամբերդ գյուղի բնակիչներից մեկը, Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ, կամավոր հանձնել է նռնականետ ու ինքնաձիգի 60 փամփուշտ։

Դիլիջանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «ՏՕԶ» հրացան։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։