Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը փոխվել է

Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը փոխվել է
Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը փոխվել է

Երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով կառավաությունն այսօրվա նիստում ընդունել է համապարասխան որոշում՝ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգում փոփոխություն կատարելով:

Ինչպես փոխանցում են կառավարության մամլո ծառայությունից, փոփոխություն է կատարվել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, նպաստ նշանակելու և վճարելու, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգում:

«Բանկերի տրամադրած տեղեկատվության համաձայն` 2017 թ. բոլոր բանկերում գտնվող ընտանեկան դրամագլխի գումարներից (այդ թվում` նախորդ տարիներին փոխանցված) օգտագործվել է 3.6 մլրդ դրամ, որի 1.9 տոկոսը կամ 127.9 մլն դրամը` հիփոթեքային վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, 3.5 տոկոսը կամ 103.6 մլն դրամը` ուսման վարձի համար, 4.8 տոկոսը կամ 337.8 մլն դրամը` գյուղատնտեսական վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, 0.4 տոկոսը կամ 35.7 մլն դրամը` հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային գյուղական բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելու համար, իսկ 83.2 տոկոսը կամ շուրջ 3 մլրդ դրամը` ամսական 25000 դրամ այլ բանկային հաշվի փոխանցելու միջոցով: Այսինքն` 2017թ. ընտանեկան դրամագլխի գումարը հիմնականում օգտագործվել է ամսական 25000 դրամ այլ բանկային հաշվի փոխանցելու միջոցով: Պատկերը նույնն է նաև 2016թ.:

Այսինքն` գործնականում ընտանեկան դրամագլխի գումարը տնօրինվում է ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական կամ միանվագ վճարումներ կատարելով: Ըստ այդմ՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով ամսական առավելագույնը 50000 դրամ պարբերական վճարումներ կատարելու միջոցով ընտանեկան դրամագլխի գումարը տնօրինելու ուղղությունը կկիրառվի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրը, անկախ երեխայի 1 տարին լրացած լինելու հանգամանքից: Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը դրամագլխի միջոցները նշված նպատակով օգտագործելու համար պետք է դիմի այն բանկ, որտեղ բացված է պետական աջակցության (ընտանեկան դրամագլխի) հաշիվը: Մեկ անգամ դիմելով բանկ` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը կարող է հանձնարարական տալ բանկին պարբերական վճարումներ կատարել հետագա ամիսների համար»,- փոխանցում են կառավարությունից: