«Սերժ Սարգսյանն հասկանում է, որ ընտրությունները սարերի հետևում չեն, այդպիսի կառավարություն պահել չի կարող»․ Ստյոպա Սաֆարյան

«Սերժ Սարգսյանն հասկանում է, որ ընտրությունները սարերի հետևում չեն, այդպիսի կառավարություն  պահել չի կարող»․ Ստյոպա Սաֆարյան
«Սերժ Սարգսյանն հասկանում է, որ ընտրությունները սարերի հետևում չեն, այդպիսի կառավարություն պահել չի կարող»․ Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

-Պարոն Սաֆարյան, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց վարչապետի պաշտոնից հրաժարվելու մասին: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց նման քայլի գնալ և ինչո՞ւ հենց հիմա:

-Հանրապետական կուսակցությունն նման ցուցանիշներով ու իմիջով կառավարություն ունենալու պայմաններում չի կարող ուղղակի մասնակցել ընտրություններին: Դա մեծ բարդություններ կստեղծի իր համար: Հիշենք, որ 2014 թվականին այս կառավարությունը ձևավորվեց Ազատության հրապարակի վախից: Քանի որ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ Կրեմլի պահանջներին դեմ որևէ քայլ անելու դեպքում իր թիկունքն ապահովագրված չէ Հայաստանում, այդ խաղը կանխելու համար կառավարություն փոխեց Հայաստանում: Երբ ԲՀԿ-ի գործոնն այլևս վերացավ քաղաքական դաշտից՝ որպես գործոն, որը ստիպվածն ես հաշվի առնել որոշումներ կայացնելիս, այդ ժամանակ փաստացի Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման շարունակությունը բացառապես կախված էր Սերժ Սարգսյանի քաղաքական ցանկությունից: Բայց քանի որ Սերժ Սարգսյանն էլ հասկանում է, որ ընտրությունները սարերի հետևում չեն, մոտենում են և այսպիսի ցուցանիշներով կառավարություն ունենալը, որն արդեն ոչ մի բան չի կարող փոխել, ոչ բարեփոխումներ է անում, ոչ կարողանում է օտարերկրյա ներդրումներ բերել, ոչ էլ տնտեսական աճ ապահովել, այդպիսի կառավարություն չի կարող պահել: Եվ, ահա, ընտրությունների նախաշեմին նա ձևավորում է նոր կառավարություն:

-Ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ավելի շատ մտահոգված է ընտրությունների նախաշեմին ՀՀԿ իմիջի բարձրացմամբ, քան թե իրոք տնտեսությունում որևէ փոփոխություն կատարելով: Դրանո՞վ է բացատրվում այս փոփոխությունը:

-Սերժ Սարգսյանը դեմ չէր լինի, եթե իր վարչապետը տնտեսական աճ ապահովեր: Հիշենք Սերժ Սարգսյանի՝ կառավարությանն առաջադրած երեք պահանջները՝ տնտեսական աճի ապահովում, բարեփոխումների ընդունելիություն հանրության կողմից և օտարերկրյա ներդրումների ներգրավում: Երեք հարցում էլ Հովիկ Աբրահամյանը ձախողվել է: Հիմա, իր մրցակիցները նախընտրական փուլում հիշեցնելու են, չէ՞, որ՝ քո վարչապետը ձախողվել է: Արդեն պաշտոնական տվյալները հուսադրող չեն, կանխատեսվում է, որ տարեվերջին էլ տնտեսության վիճակը տխուր կլինի: Մենք հիշում ենք, թե ինչպես նախորդ տարեվերջին միջազգային կազմակերպությունները հայտարարեցին, թե տնտեսական անկում կգրանցվի Հայաստանում, այս կառավարությունը դեմ էր դուրս եկել բոլորին, ասում էր՝ ոչ, ես տնտեսական աճ եմ ցույց տալու: Բայց ակնհայտ է, որ այս կառավարությունը ոչինչ չի կարող փոխել: Նրանք բոլորը, ինչպես ես ասել եմ ժամանակին, օլիգարխներ են, սա օլիգարխիայի կառավարություն էր, շահագրգռած չէր փոփոխություն անելու: Իսկ նման կառավարությամբ ընտրություններին ներկայանալ, այն էլ այսպիսի իրավիճակում, երբ Սերժ Սարգսյանը տեսավ, որ իշխանության դեմ ուղղված «Սասնա ծռերի» գործողությունը հանրության համակրանքը վայելեց, հնարավոր չէ: Հետևաբար Սերժ Սարգսյանին պետք է նոր կառավարություն:

-Ի՞նչ կարող ենք ակնկալել այս փոփոխությունից հետո, ո՞ւր է տանում այն: Արդեն տեղեկություն կա, որ նոր վարչապետ է նշանակվելու «Գազպրոմ» ընկերությունում բարձր պաշտոն ունեցած Կարեն Կարապետյանը, ով ռուսական կողմի մարդ է համարվում:

-Ես դեռ չեմ շտապի որևէ գնահատական տալ նոր կառավարության աշխատանքին: Կարեն Կարապետյանը հետաքրքիր անձնավորություն է, նրան հիշում ենք Երևանի քաղաքապետի պաշտոնում, տարբերվում էր շատ: Մի բան է մտահոգիչ, որ, այսպես ասած, Գապրոմյան իմպերիայի ներկայացուցիչ է, բայց համենայնդեպս Երևանի քաղաքապետի պաշտոնում բաներ էր ուզում անել, որոնցով նույնիսկ դեմ էր գնում համակարգին: Եվ հիշում ենք, որ նրա արարքները համակարգը չներեց, հրաժարական տվեց: Ես չգիտեմ, թե ինքը որպես վարչապետ որքանով դեմ կգնա օլիգարխիայի շահերին, դա ցույց կտա ժամանակը: Բայց հետաքիքր է, որ, լինելով Գազպրոմյան իմպերիայի ներկայացուցիչ, նա արևմտյան մշակույթի կրող է: Այն, որ նա կարող է դիմել կտրուկ քայլերի, տեսել ենք, թե հիմա կդիմի՞ հանուն երկրի փոփոխության, ժամանակը ցույց կտա:

Էմմա Մանուկյան

MediaLab.am