«Իմ քայլի» պատգամավորը վայր է դրել մանդատը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի հայտարարությունից:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,– ասվում է ԱԺ տարածած հաղորդագրության մեջ։