ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերադարձնել հայ գերիներին

 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի կոմիտեն հայտարարություն է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերադարձնել հայ գերիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

«ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին»,- գրել է Ռուբինյանը:

Ապրիլի 19-ին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում քաղաքական խմբերում քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Հարցն ապրիլի 20-ին քննարկվել է նաև ԵԽԽՎ լիագումար նիստում:

Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց: