Գերիների վերադարձին հասնելու ճանապարհը միջազգային ճնշման մեծացումն է. մանրամասներ՝ ԵԽԽՎ նստաշրջանից

 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հայկական պատվիրակության անդամները կարծում են, որ կատարել են իրենց առջև դրված խնդիր՝ մեծացնել Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը՝ հայ ռազմագերիների վերադարձին հասնելու համար. եվրոպացի պատվիրակների արձագանքը չի ուշացել, բացի թուրք և ադրբեջանցի պատվիրակներից, մնացածը շեշտել են՝ ռազմագերիները պետք է անհապաղ վերդարձվեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներն այս մասին ասացին ՀՀ ԱԺ-ում ասուլիսում:

Պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց պատվիրակության գլխավոր նպատակը՝ հայ ռազմագերիների հարցը քննարկման թեմա դարձնելը ԵԽԽՎ նիստում: «Բացի թուրք և ադրբեջանցի պատվիրակներից, բոլոր ելույթ ունեցող եվրոպացի պատվիրակները հստակորեն  իրենց դիրքորոշումն արտահայտեցին առ այն, որ հայ ռազմագերիները պետք է անհապաղ վերդարձվեն»,- ասաց Ռուբինյանը:

Նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քվեարկությամբ ընդունվել է նաև հայտարարություն, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ վերադարձել հայ գերեվարվածներին և հարգել մշակութային ժառանգությունը: Պատգամավորը հիշեցրեց նաև ավելի վաղ ԵԽԽՎ միգրացիայի կոմիտեի նախագահի հայտարարությունը, որով նա ևս կոչ էր անում Ադրբեջանին վերադարձնել հայ ռազամգերիներին: «Կարծում եմ, այս նստաշրջանի համար մեր պատվիրակությունն իր առջև դրված խնդիրը, ընդհանուր առմամբ, կատարել է, այն է՝ շարունակել մեծացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա, մասնավորապես ԵԽԽՎ շրջանակում՝ այսպիսով փորձելով հասնել մեր խնդրի լուծմանը»,-ասաց Ռուբինյանը:

Նա շեշտեց՝ կա մի ակնհայտ բան՝ Ադրբեջանն իրեն պահում է ծայրահեղ ապակառուցողական, խախտում է և՛ եռակողմ հայտարարությունը, և՛ միջազգային հումանիտար իրավունքը՝ չվերդարձնելով մեր ռազամագերիներին: «Եվ միակ ճանապարհը՝ մեր տղաների վերադարձին հասնելու, միջազգային ճնշման մեծացումն է: Միջազգային ճնշում ասելով՝ նկատի ունեմ մի լայն գործընթաց, որը չի սահմանափակվում մեկ կամ երկու քայլով կամ քայլերով՝ մի տեղում, դա համապարփակ գործընթաց է, որը պետք է տեղի ունենա  բոլոր հնարավոր միջազգային ատյաններում, բոլոր հնարավոր եկկողմ հարաբերություններում»,-ասաց Ռուբինյանն ու վստահություն հայտնեց, որ ի վերջո կհաջողվի հասնել նպատակին:

Տաթևիկ Հայրապետյանն էլ միջազգային ճնշման համատեքստում իսկապես շատ կարևոր համարեց խորհրդարանական դիվանագիտության հարթակներն օգտագործելը: «Գերիների …վերադարձի համար քայլերը պետք է իսկապես համառ լինեն: Պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Ալիևի համար դառնա իսկական գլխացավանք՝ նրանց օր ավել Բաքվում պահելը»,- ասաց պատգամավորը:

Վլադիմիր Վարդանայնը տեղեկացրեց, որ Իսլանդիայի գործընկերները համապատասխան բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը պետք է քննարկվի բյուրոյի կողմից, և եթե հաջողության հասնի, ապա հնարավորություն կտրվի այս հարցի վերաբերյալ նաև այլ զեկույցներ ունենալ: Շվեդ գործընկերները ևս նույն բովանդակությամբ բանաձևի նախգծեր են փորձում ներկայացնել:

Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ Բաքվում բացված «պուրակի» մասին իր ելութից հետո մոտեցել է Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շենախը և խնդրել, որ լուսանկարները նայի: «Ուշադիր նայում էր նկարները և ասում, որ ամբողջ Եվրոպայում մեծ հնչեղություն է առաջացրել դա: Կարծում եմ, որ նաև մեր պատվիրակության աշխատանքի շնորհիվ հարցը բավականին հնչեղ դարձավ: Եվ, ըստ էության, Ալիևն այդ պուրակը բացելով՝ օգնեց մեզ, որ ավելի ցցուն փաստերով ցույց տանք, թե ինչ ահաբեկչական խմբավորման հետ գործ ունենք»,-ասաց նա:

Հայ ռազմագերիների հարցն ընդգրկվել էր ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում և քննարկվել ապրիլի 20-ին: