Սահմանադրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է շարունակել վարչապետի պարտականությունների կատարումը․ Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին` արդյոք Նիկոլ Փաշինյանը կարող է համարվել վարչապետի պաշտոնակատար` վարչապետի պաշտոնից հրաժարականի դեպքում և արդյոք կա փոխարինման իրավական հնարավորություն։

-Պարոն Բադասյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո շարունակվում է դիսկուրսը այն հարցի շուրջ, թե վարչապետի պաշտոնից հրաժարականի դեպքում Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է լինել վարչապետի պաշտոնակատար, թե՝ ոչ։ Ի վերջո, այս հարցին կա՞ հստակ պատասխան։

-Իհարկե, կա հստակ պատասխան, իսկ դիսկուրսը խիստ արհեստական է։ Հրաժարական ներկայացնելուց հետո վարչապետը, ինչպես և կառավարության մյուս անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը։ Մասնավորապես, Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն, Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նաև այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական է ներկայացնում։ Նույն այդ հոդվածով նախատեսվում է, որ Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: Իսկ Կառավարության անդամների կազմը սահմանվում է արդեն 147-րդ հոդվածով, որի համաձայն Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:

-Տարբեր զուգահեռներ են անցկացվում 2018 թվականին Սերժ Սարգսյանի հրաժարականի ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքերի միջև։ Կա՞ տարբերություն այս երկու հրաժարականների գործընթացների միջև։

    -Տեսեք, 2018 թվականի ապրիլի 23-ին Կառավարության կողմից ընդունվել է որոշում, որով Կառավարությունը, հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի համապատասխան կարգավորումները և վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որոշել է փաստել Սերժ Սարգսյանի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը։

Այդ պահին գործող Վարչապետի բացակայության և լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելու կարգը սահմանող Կառավարության որոշման համաձայն վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքով պայմանավորված Սերժ Սարգսյանին փոխարինել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը։ Այսինքն, մի կողմ թողնելով անհնարինության հիմքերի, տվյալ դեպքում՝ կիրառելիության կամ չկիրառելիության հարցը, դեռևս 2018 թվականի ապրիլին նախորդ իշխանությունների կողմից կառավարության որոշմամբ, ըստ էության, փաստվել է, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելը չի հանգեցնում նրա կողմից իր պարտականությունների կատարման բացառման և անհրաժեշտ է լրացուցիչ ակտ, որպեսզի Սերժ Սարգսյանին փոխարինի Կարեն Կարապետյանը։

Ասեմ ավելին, երբ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց, դրանից հետո նա շարունակեց կատարել իր պարտականությունները մինչև 2019 թվականի նոր կառավարության կազմավորումը։

Այսինքն` ոչ միայն Սահմանադրության վերը նշված հոդվածներն են հստակ կարգավորում այս հարցը, այլև երբեք այլ ընկալում նշված հարցի մասով չի էլ եղել:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում