Համոզված եմ` ճիշտ կազմակերպված և արդյունավետ աշխատանքի շնորհիվ Հայաստանի տնտեսությունը կհասնի նոր վերելքների. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ.

«Աշխատավորների իրավունքների և շահերի պաշտպանությունը պետք է մշտապես գտնվի մեր պետության ուշադրության կենտրոնում:

Մեր առաջնահերթությունների թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում յուրաքանչյուրին հայրենի հողի վրա աշխատելու և նյութական ու մշակութային արժեքներ ստեղծելու հնարավորության ընձեռնումը: Աշխատասիրությունը հայի գենի մեջ է։

Նույնիսկ մեր լեզվամտածողությունն է խոսում այդ մասին։ «Աշխատել» և «աշխարհ»՝ երկու բառ, որ առաջին հայացքից կարող է թվալ՝ առանձնապես չեն խաչվում իրենց իմաստներով։ Սակայն, համաձայն այդ բառերի ստուգաբանության, «աշխարհ» նշանակում է արարում, «աշխատել»՝ արարել։ Աշխատանքն ու աշխատելու միջոցով արարելն ու աշխարհը ծաղկեցնել են բնորոշում մեզ։ 

Համոզված եմ, որ ճիշտ կազմակերպված և արդյունավետ աշխատանքի շնորհիվ Հայաստանի տնտեսությունը կհասնի նոր վերելքների, և օգտագործելով առկա տնտեսական ողջ ներուժը՝ մեր երկիրը արագորեն կհամալրի աշխարհի զարգացած երկրների շարքը: 

Շնորհավորում եմ բոլորիս աշխատավորների տոնի կապակցությամբ»3: