Տունը ապրողինն է, հողը՝ մշակողինը. Աղավնոյում կառուցվել է 12 նոր տուն

«Արի» ծրագրով Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում շահագործման է հանձնվել 12 նոր առանձնատուն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը՝ պարզաբանելով, որ տները տրամադրվել են այն բնակիչներին, ովքեր նախապես հայտ էին ներկայացրել համայնքապետարանին:

«Ունենք վերաբնակիչներ. նրանք մեծ մասամբ Քաշաթաղի շրջանից են, մեկ ընտանիք էլ՝ Հադրութից: Պատերազմից հետո գյուղի բնակիչների 40 տոկոսն է վերադարձել, ինչը շատ ցավալի է: Ես միշտ ասել եմ՝ տունը ապրողինն է, հողը՝ մշակողինը:

Եթե մինչև մայիսի վերջ մեր համագյուղացիները չվերադառնան, և նորից չշենացնեն Աղավնո գյուղը, այդ տները կտրամադրենք մեր մյուս հայրենակիցներին, ովքեր դրանց կարիքն ունեն»,- ավելացրել է Ա. Չավուշյանը՝ նշելով, որ առաջիկայում կսկսեն նոր տների կառուցման աշխատանքներ ևս:

Նա տեղեկացրել է նաև, որ «Արի» ծրագրով գյուղում կառուցվում են բուժկետ և խաղահրապարակ: