Աննախադեպ երաշտ․ Իրանի նախագահը զգուշացնում է՝ եթե անձրև չգա, Թեհրանը կմնա առանց ջրի

Իրանում շարունակվող աննախադեպ երաշտը հանգեցրել է խմելու ջրի և էլեկտրաէներգիայի լուրջ պակասի։ Նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարում է, որ Թեհրանի ջրամբարները հասել են վերջին 60 տարվա ամենացածր մակարդակին, և եթե շուտով անձրևներ չլինեն, մայրաքաղաքում կսկսվի խմելու ջրի չափաբաժնային բաշխում։

«Եթե նոյեմբերի վերջին անձրև չգա, ստիպված կլինենք սահմանափակել ջրի օգտագործումը։ Իսկ եթե դրանից հետո էլ անձրև չգա՝ հնարավոր է սկսենք Թեհրանի տարհանումը»,– մեջբերում է նախագահի խոսքերը SNN.ir-ը։

Փեզեշքիանի խոսքով՝ իրավիճակը «ծայրահեղ լուրջ» է․ ջրամբարների մի մասը լցված է ընդամենը 9 տոկոսով, իսկ գետերի և ջրային ավազանների չորացումը հանգեցրել է էլեկտրաէներգիայի արտադրության կտրուկ նվազման։

Փորձագետները զգուշացնում են, որ շարունակվող երաշտը կարող է առաջիկա շաբաթներին վերաճել ազգային մակարդակի հումանիտար ճգնաժամի, եթե տեղումներ չգրանցվեն։