Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ օրեր առաջ սոցիալական ցանցերում և մի շարք լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը՝ Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության մասին, իրականությանը չի համապատասխանում։
«Տեղեկացնում ենք, որ օրեր առաջ սոցիալական ցանցերում և մի շարք լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը՝ Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության մասին, իրականությանը չի համապատասխանում։
Դեսպանությունը ստացել է Նիդերլանդների իրավապահ մարմինների պաշտոնական պատասխանը, ըստ որի՝ Աննա Հակոբյան անունով անձի նկատմամբ որևիցե ոտնձգության դեպք չի գրանցվել, ուստի, նման միջադեպ տեղի չի ունեցել», -նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից հայտնել էին, որ տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։ Լրատվամիջոցները հրապարակում էին արել ֆեյսբուքյան մի գրառման հիման վրա: Հայտնվում էր, որ Նիդերլանդներում երեք ադրբեջանցի թուրքերի կողմից դանակահարվել է հայ իրավաբան Աննա Հակոբյանը։ Օգտատիրոջ գրառումն ավելի ուշ հեռացվել էր: