«Զվարթնոց» տաճարի տարածքում կայանալիք Տոլմայի փառատոնին ներկայացված է լինելու 20-25 տաղավար

 «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մայիսի 22-ին կանկացվի Տոլմայի համահայկական հոբելյանական 10-րդ փառատոնը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, մայիսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը պատմեց, որ 2011 թվականի Տոլմայի առաջին փառատոնը շատ հապճեպ էր ստացվել, հաջորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին, որի ժամանակ նա խոսում էր, իբր, հայերի կողմից իրականացված կեղծիքների մասին։

«2011 թվականի Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի բացման օրը Ալիևը անդրադարձավ  հայերի կողմից, իբր, մշակութային, պատմական կեղծիքներին, նաև անդրադարձավ խոհանոցին, մասնավորապես՝ տոլմային։ Այդ օրվանից մենք սկսեցինք իրականացնել Տոլմայի համահայկական փառատոնը։ Շատ խորհրդանշական էր, որ առաջին փառատոնն անցկացվեց Սարդարապատի հուշահամալիրի տարածքում։ Շեշտը դնելով Սարդարապատի վրա՝ պարզ է, որ ցանկանում էինք համադրել մշակութային ժառանգության նշանակությունը և ինքնապաշտպանության զգացուղությունը։ Այսինքն՝ հասկանալի դարձնել մեր հասարակությանը, որ մշակութային հարձակումները, մշակութային էքսպանսիան նույնպես վտանգավոր են, և հարկավոր է պաշտպանվել նաև մշակությաին դաշտում»,- ասաց Մամուլյանը։

Փառատոնին ներկայացված են լինելու 20-25 տաղավար, որտեղ ընդգրկված են տարբեր ռեստորաններ, ուսումնական կենտրոններ, անհատներ, խմբեր։

«Նրանք պատրաստելու են տարատեսակ տոլմաներ։  Մրցույթ է կազմակերպվելու երեք անվանակարգում՝ լավագույն համ, տեսք և մտահղացում։ Կա նաև գլխավոր մրցանակ, որը տրվելու է ամենաբարձր միավորներ ստացած թիմին»,- հավելեց Մամուլյանը։