Ամուսնությունը որպես կողոպուտի միջոց Թուրքիայում

Ամուսնությունը որպես կողոպուտի միջոց Թուրքիայում
Ամուսնությունը որպես կողոպուտի միջոց Թուրքիայում

Վերջին տարիներին կեղծ ամուսնությունների հետ կապված պատմությունները դարձել են Թուրքիայի ամեն շաբաթվա կրիմինալ նորությունների մշտական թեմաները:

Ահա վերջերս տեղի ունեցավ հերթական տիպիկ միջադեպերիը: 2017թ-ի դեկտեմբերի 16-ին թուրքական Բուրսա շրջանում հարսանիք էր նախապատրաստվում: Հարսնացուն Խաթայ քաղաքից փեսացուի մոտ էր եկել Բուրսա քաղաք, սակայն հարսանիքից մեկ օր առաջ փախչել էր՝ իր հետ տանելով ողջ ոսկին և փողը, որը երիտասարդ զույգին հարսանիքի առթիվ նվիրել են ազգականներն ու հարազատները:

Քրեական խմբերը, որոնք զանգվածաբար նման կեղծ ամուսնություններ են կազմակերպում Թուրքիայի տարբեր շրջաններում, թուրքական կենցաղի, սովորույթների և մտածելակերպի առանձնահատկությունները վերածել են հեշտ փող վաստակելու միջոցի:

Նման խմբերը սովորաբար որպես հարսնացու են ներկայացնում երիտասարդ և գեղեցիկ կնոջ:

«Հարսնացուից» բացի խմբում կա հայր, մայր, քույր, եղբայր, քեռի և այլ ազգականներ: Թեև իրական կյանքում նրանք կենսաբանական ազգականներ չեն: Նրանք հասարակությունում ներկայացնում են գեղեցիկ աղջկան՝ գրավելով ընտանիք կազմելու ցանկություն ունեցող տղամարդկանց: Այնուհետև, ավանդույթի համաձայն, անցկացվում են բոլոր ծեսերը՝ խնամախոսություն, նշանադրություն, այսպես կոչված «խնայի գիշեր», հարսանիք, բոլոր ծեսերը՝ բացի պաշտոնական ամուսնության կնքումից:

Նախահարսանեկան ծեսերը Թուրքիայում փեսացուի ընտանիքի վրա լուրջ գումար են նստում: Մասնավորապես. խնամախոսության ընթացքում փեսացուի ընտանիքը վճարում է

«հարսնացուի համար հաստատված վճարը»,

նշանադրության ժամանակ հարսնացուին նշանի մատանուց բացի նվիրում են նվազագույնը 3-4 թևնոց,

հարսնացուին, ինչպես նաև նրա ընտանիքի անդամներին հագուստ են նվիրում,

«Խնայի գիշերը» կրկին գնում են թևնոցներ, հագուստ և նվերներ:

Այնուհետև անցկացվում է հարսանեկան արարողությունը, որի ժամանակ ոչ միայն փեսացուի ընտանիքն, այլ նաև հարսանիքին հրավիրված հյուրերը հարսին և փեսային նվիրում են ոսկի և փող: Այսինքն՝ այդ բոլոր ծեսերի ընթացքում զգալի կարողություն է հավաքվում: Իսկ հետո «հարսը» «ընտանիքի» հետ միասին վերցնում է բոլոր թանկարժեք իրերն ու փողը և անհետանում:

Սիրիական հետքը կեղծ ամուսնություններում

Վերջին երկու տարվա ընթացքում այս «բիզնեսն» աշխարհաքաղաքական ընդլայնում է ստացել. դրանով ակտիվորեն սկսել են զբաղվել որոշ սիրիացի փախստականներ, որոնք փախչել են պատերզմից և ապաստան գտել Թուրքիայում:

Օրինակ, մի քանի ամիս առաջ Էլազըգ շրջանում մեծ խմբավորում է ձերբակալվել, որն ամբողջությամբ սիրիացիներից էր բաղկացած և ամուսնության կեղծ խոստումներով խաբել էր նվազագույնը 10 մարդու:

Եվ վերոնշյալ միջադեպի ժամանակ ամուսնացող «հարսնացուն» Խաթայից նույնպես սիրիացի էր: Ինչպես գրում է Gencgazete.net առցանց պորտալը, Բուրսա քաղաքի բնակիչ Ռ.Ա.-ն ծանոթացել է Խաթայում բնակվող սիրիացի կնոջ հետ մի շարք անձանց միջոցով, որոնց անունները չեն  հրապարակվում՝ հետաքննության նկատառումներից ելնելով, սիրահարվել է և որոշել ամուսնանալ:

«Հարսնացուին» բերել են Խաթայից և սկսել հարսանեկան պատրաստություններ տեսնել: Ռ. Ա.-ն «հարսնացուի համար վճարից» զատ նրան նվիրել է 3 թևնոց, մեկ զույգ ականջօղ և մեկ մատանի: Իսկ երբ կինն ամուսնությունից մեկ օր առաջ անհետացել է, փեսացուն հասկացել է, որ խաբեության զոհ է դարձել և ժանդարմերիա է դիմել:

«Հարսնացուին» ձերբակալել են մյուս երկու տղամարդկանց հետ, որոնք խմբավորման անդամ են եղել:  

Այս հարսանիքին հարսնացուն սիրիացի է: Սակայն այս հարսանիքն իրական և երջանիկ է եղել: Տեղացի երգիչները պարեղանակ են նվագում ի պատիվ հարսնացուի՝ Ռեմեի և նրա թուրք փեսացուի՝ Ռասիմի: Խաթայի շրջան, 2011թ-ի հունիս: REUTERS/Umit Bektas

«Կեղծ հարսնացուների» շահագործումը

«Քրեական ամուսնությունների» թեմայով ամենասկանդալային պատմություններից մեկը վերջերս պատմել է թուրքական հեռուստատեսային ոլորտում ամենավարկանիշային հաղորդումը՝ «Müge Anlı ile Tatlı Sert»-ը, ATV հեռուստաալիքով:

Հաղորդման անվանումը թարգմանաբար մոտավորապես նշանակում է «Քաղցր դաժանություն՝ Մյուգե Անլըի հետ», այն ուղիղ եթերում հետաքննում է քրեական իրադարձությունները, զբաղվում անհետ կորած անձանց որոնումներով, ինչպես նաև սոցիալական նախագծեր իրականացնում:

Հաղորդման թողարկումներից մեկի թեման 2017թ-ի հոկտեմբերին Սամսուն քաղաքում տեղի ունեցած միջադեպն էր: Այնտեղ հարսանեկան արարողությունն ավարտվել էր փեսացուի և հարսնացուի ազգականների միջև զանգվածային կռվով: 12 մարդ, այդ թվում՝ հարսանցուն, հիվանդանոց էին տեղափոխվել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:

Ստուդիա էին հրավիրվել կոնֆլիկտի երկու կողմերին էլ: Հարսնացուն, որի անունը Դուդու էր, ստուդիա էր եկել հոր և քեռու հետ և պատմեց, որ իրեն ծեծել են միայն նրա համար, որ հարցրել է, թե ինչու են հյուրերի բերած ոսկյա զարդերը փոխանցում փեսացուին, այլ ոչ թե իրեն:

 Խոսքը գնում էր մեծ գումարների մասին. «հարսնացուի համար վճարը» 10 հազար լիր [մոտ $ 2,600] էր, և նորապսակներին նվիրել էին ավելի քան կես կիլոգրամ քաշով ոսկյա զարդեր

Բիլգին անունով փեսացուն պնդում էր, որ իրեն փորձել են խաբել հենց ամենասկզբից: «Մեր ծանոթությունից ընդամենը 2 շաբաթ է անցել, իսկ նրա ընտանիքը սկսել է շտապեցնել հարսանիքի հարցում: Նրանք ասում էի, որ հարսնացուի հայրը (նույն մարդը, որ ստուդիա էր եկել) ծանր հիվանդ է և ուզում է հասցնել տեսնել դստեր հարսանիքը», – պատմել է Բիլգինը:

Հարսանիքին տեղի ունեցած կռվից հետո արդեն պարզվել էր, որ  Դուդուն արդեն մի քանի անգամ «գրեթե» ամուսնացել է, սակայն վերջին պահին անհետացել՝ փողով և նվերներով: «Եվ մեր հարսանիքի ժամանակ նրանք միտումնավոր կռիվ սարքեցին, որպեսզի փախչեն՝ տանելով ոսկին», – պնդում էր Բիլգինը:

Դուդուն և նրա ընտանիքը չէին կարողանում հերքել նախկին նշանադրությունների մասին փաստերը, սակայն պնդում էին, որ վերադարձրել են բոլոր նվերներն ու փողերը նախկին փեսացուներին:

Եվ սա այս պատմությանը ավարտը չէ: Որոշ ժամանակ անց Դուդուն հանկարծ պատմել էր լրագրողներին կատարվածի հակառակ վարկածը:

«Ամեն ինչ արել էր իմ ընտանիքը: Նրանք ուզում էին ոսիկն և փողը հափշտակել: Իսկ ինձ անընդհատ դեղեր էին տալիս, որպեսզի ես չվիճեմ և անեմ այն, ինչ պահանջում են: Ոսկին հիմա հորս մոտ է, և այդ նա էր հարսանիքին կռիվ սարքել», – գրում է Hürriyet թերթը՝ վկայակոչելով Դուդուին:

Այդ գործի քննությունը դեռևս շարունակվում է, իսկ Դուդուին տեղավորել են կանանց համար ժամանակավոր ապաստարանում:

«Մեկական սրճարան՝ յուրաքանչյուր գյուղին»

Թուրքիայում նման դեպքերն այնքան հաճախ են կրկնվում, որ հաղորդման հեղինակ Մյուգե Անլըն հասարակությանը դիմեց հատուկ սոցիալական նախագիծ սկսելու առաջարկով:

«Այդ ամենը կապված է հասարակության փակ լինելու հետ, հատկապես՝ շրջաններում: Կանայք տնից դուրս չեն գալիս, տղամարդկանց հետ շփումն ամոթալի է համարվում: Տղամարդիկ նստում են սրճարաններում, որտեղ կանանց մուտքն արգելված է: Այդ պատճառով էլ ընտանիքներն առողջ հարաբերությունների վրա չեն կառուցվում», – հայտարարել էր հայտնի հեռուստահաղորդավարուհին:

Որպեսզի երիտասարդ տղաները ստիպված չլինեն ամուսնանալ հեռավոր շրջաններից անծանոթ մի աղջկա հետ՝ նրա որպես իրի համար վճարելով, պետք է յուրաքանչյուր գյուղում սրճարաններ և հրուշակեղեն ուտելու տեղեր բացել, որտեղ կմտնեն և կանայք, և տղամադրիկ, նշել էր Մյուգե Անլըն:

««Հարսի համար վճարի» ֆենոմենը պետք է ամբողջությամբ արմատախիլ անել մեր կենցաղից: Կինն ապրանք չէ ոչ ծնողների, ոչ ամուսնու համար», – կոչ էր արել նա հեռուստացույցի էկրանից:

Առաջարկված սոցիալական նախագիծը պարզ է. ստեղծել պայմաններ, որպեսզի երիտասարդները կարողանան ծանոթանալ, շփվել, հետո նոր ըտանիք կազմել նրանց հետ, ովքեր իրենց համապատասխանում են: Եվ գործընթացից բացառել փողը, այդ ժամանակ ոչ ոք չի կարողանա գումար վաստակել նորապսակների հաշվին՝ ոչ ընտանիքները, ոչ հանցագործները: Հիմա հարցն այն է, թե ինչպես այդ առաջարկին կարձագանքի հասարակությունը:

Այս լուսանկարն արվել է 2007թ-ին Անկարայում: Քաղաքապետարանն ընդհանուր հարսանեկան արարողություն էր կազմակերպել 107 զույգի համար: Հարսնացուներն ու փեսացուները սպասում են արարողության մեկնարկին:  REUTERS/Umit Bektas

Աղբյուրը՝ jam-news.net