Մենք բոլորս հայեր ենք. ԵԽ պատգամավորը կոչ է անում ստիպել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը ԵԽ բարձր ամբիոնից կոչ արեց կանգնել հայ ժողովրդի կողքին և ստիպել Ադրբեջանին՝ վերադարձնել հայ ռազմագերիներին: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նա նման կոչով դիմեց ԵԽ լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը:

ԵԽ պատգամավորը նախ հիշեցրեց, որ երբ Ալիևը պատերազմ սկսեց ԼՂ-ի դեմ՝ իր անօդաչու թռչող սարքերով, սպանեց հայերին, այդ թվում՝ քաղաքացիական բնակչությանը, և երբ Ադրբեջանն ու Թուրքիան «տոնում էին իրենց հանցագործությունը», Եվրոպան պարզապես կանգնել և նայում էր: «Այսօր, շատ ամիսներ անց էլ շատ հայեր դեռ գերի են Ալիևի ձեռքում: Ադրբեջանը հրաժարվում է նրանց վերադարձնել իրենց ընտանիքներին»,-նշեց Ֆուրլասը:

Այնուհետև պատգամավորը կոչով դիմեց. «Եկեք չպասենք, եկեք չսպասենք, որ Ալիևը վերադարձնի գերիներին, նա դա չի անի, պետք է ստիպենք նրան: Ես ձեզ կոչ եմ անում փրկել Եվրոպայի արժանապատվությունը, ես կոչ եմ անում ձեզ կանգնել հայ ժողովրդի կողքին և կոչ անել, որ հայերը վերադառնան իրենց ընտանիքներ: Մենք բոլորս հայեր ենք»,-եզրափակեց նա:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և վարձկանների աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ: 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են հայտարարություն, որով պատերազմը դադարեցվել է:

Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝ Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց:

Սակայն, Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը: Կան փաստական ապացույցներ՝ հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների մասին. հաստատվել է գերիների սպանության 19 դեպք: