«Երևանում անվտանգության մասին դատում են քաղաքային նիստուկացով և չեն պատկերացնում՝ ինչ վտանգ է կուտակվել սահմաններին». Գևորգ Պողոսյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է տեղեկություն, որի համաձայն՝ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշային ցուցակում առաջին տասնյակում է՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը 142 երկրների շարքում: Այս ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում Կատարը, իսկ Հայաստանից հետո 8-րդ հորիզոնականում Ճապոնիան է, 9-րդ տեղը Շվեյցարիան է զբաղեցնում, իսկ տասնյակն ամփոփում է Բահրեյնը:

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանն ասում է՝ նման ուսումնասիրությունները հանրային տրամադրությունների արդյունք են, և նման դեպքերում սովորաբար հաշվի է առնվում ներքին հանրային կյանքը և ոչ թե երկրին սպառնացող վտանգը: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում անվտանգության, ապահովության զգացում մարդիկ ունեցել են նաև տարիներ առաջ:

«Մենք հարցումներ էինք անցկացնում նաև տարիներ առաջ, և Հայաստանը միշտ համարվում էր անվտանգ: Դա ներքին կյանքի հետ է կապված: Մենք միշտ էլ նշում ենք, որ այստեղ երեկոյան ժամը տասից հետո մարդիկ հանգիստ դուրս են գալիս, ման են գալիս առանց վախենալու: Եթե համեմատենք եվրոպական մայրաքաղաքների հետ, այնտեղ նույնիսկ ցերեկն է վտանգավոր դուրս գալ»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված ռուսները նույնպես տարբեր հարցումների ժամանակ ասել են՝ Հայաստանում իրենց անվտանգ ու խաղաղ են զգում:

«Բայց նրանք նկատի ունեն Երևան քաղաքը, քաղաքի կենտրոնը, ակումբները, սրճարանները, և նրանք չեն պատկերացնում, թե Հայաստանի սահմանին ինչ վտանգ է կուտակվել: Նույնը՝ Երևանի բնակչության մասին. նրանք անվտանգությունը դատում են միայն քաղաքային նիստուկացով, իսկ սահմանին իրավիճակը նույնիսկ պայթյունավտանգ է, և պատերազմի շունչ է փչում»,- ասում է Պողոսյանը:

Ինչ վերաբերում է Արցախի շրջափակման և դրա վերաբերյալ Հայաստանի հանրության ընկալումներին, Պողոսյանի խոսքով, մարդիկ հասկանում են, որ ծանր վիճակ է ստեղծվել, սակայն չեն հասկանում՝ իրենք ինչպե՞ս կարող են աջակցել դրա լուծմանը, ի՞նչ է իրենցից կախված:

«Խնդիրն այն է, որ բնակչության անելիքը, մասնակցությունը այդ խնդրի լուծմանը պարզ չէ, իսկ կառավարությունն էլ չի ուղղորդում: Ասենք՝ օրինակ, հայտարարվի, որ սա է մեզ անհրաժեշտ, եկեք ծրագիրն իրականացնենք: Ուղղորդում չկա, իսկ մեր ժողովուրդն էլ սովոր է, որ իրեն առաջնորդեն»,- նշում է նա:

Դիտարկմանը, թե տարբեր շերտերի կողմից քննադատություն կա, որ մարդիկ անտարբեր են խնդրին, սոցիոլոգն արձագանքում է. «Անտարբերություն կա, իհարկե: Միշտ էլ եղել է այս կամ այն իրադարձության նկատմամբ, անտարբերությունը ցանկացած սոցիումում կա: Կան ինչ-որ շերտեր, որոնք ընդհանրապես անտարբեր են հարցերի, խնդիրների նկատմամբ, որոնք իրենց, իրենց ընտանիքին չեն վերաբերում: Այդպիսի շերտեր միշտ էլ եղել են, կան ու կլինեն»:

Հիմա սակայն, նրա խոսքով, անտարբերությունն ավելի համատարած է դարձել, ինչի պատճառն այն է, որ յուրաքանչյուրի հոգսը հիմա ավելացել է: «Հիմնականում քանի որ մարդկանց մոտ ապագայի տեսլականը չկա, հեռանկար չեն տեսնում, ծագում է անտարբերություն գլոբալ խնդիրների նկատմամբ: Անտարբերությունը նաև ընդհանուր անզորություն է»,- ընդգծում է սոցիոլոգը:

Դիտարկմանը, թե դեռ մեկևկես տարի առաջ իշխող ուժն ասում էր՝ ապագա կա, Պողոսյանն արձագանքում է. «Նրանք հիմա էլ են ասում: Այո՛, բոլորը կուզեին ապագա լիներ, բայց էդ ապագան պետք է նկարագիր ունենա: Ո՞րն է այդ ապագան»:

Մեր արձագանքին, թե իշխանությունները այդ ապագան համարում են խաղաղության դարաշրջան ստեղծելով, Պողոսյանը պատասխանում է. «Այո՛, հայտարարվում է այդ մասին, բայց դա համոզիչ չէ: Համոզիչ չէ, քանի որ երբ կողքի երկիրը իրեն շատ ագրեսիվ է պահում, իսկ դու ասում ես՝ մենք խաղաղության դարաշրջան ենք բացում, շատ անհեթեթ է, միամտության նման է հնչում: Վստահություն չկա, որ այդ խաղաղության դարաշրջանը հարևանը ևս կիսում է, այն հարևանը, որը քո ինքնիշխան երկրի տարածքն է ներխուժել: Խաղաղությունը միակողմանի չի լինում, եթե երկու կողմերն էլ խաղաղության են ձգտում, կարող է ինչ-որ բան ստացվել: Բայց եթե միայն դու ես ասում, իսկ կողքի հարևանն էլ մտածում է՝ ինչպես գա մտնի քո տարածք, Երևանն էլ գրավի, համոզիչ չէ»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am