Մեր սննդի ամեն 3-րդ գդալը ստեղծում են մեղուները․ Մեղուների համաշխարհային օրն է այսօր (Տեսանյութ)

Այսօր` մայիսի 20-ը, Մեղուների համաշխարհային օրն է, որը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2017թ․-ին։ Մեղուների համաշխարհային օրվա հիմնական նպատակը մեղուների կարևոր դերի ու դրանց պահպանման անհրաժեշտության գիտակցումն է։ Մեղուների կողմից իրականացվող փոշոտման գործընթացը շատ կարևոր է էկոհամակարգային տեսանկյունից, բայց այն ոչ պակաս կարևոր է նաև մարդկության գոյատևման համար։ 

Գիտե՞ք, որ սննդի համաշխարհային արտադրության 1/3-ը կախված է մեղուներից, այսինքն՝ սննդի յուրաքանչյուր 3-րդ գդալը ստացվում է փոշոտման արդյունքում։ Նրանց ամենամեծ ներդրումներից մեկը նաև աշխարհի սննդի 90%-ն արտադրող բույսերի գրեթե երեք քառորդի փոշոտումն է: 

Այսպիսով, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կոչ է անում այսօր միասին գիտակցել այս փոքրիկ օրգանիզմների կարևորության աստիճանը և շնորհակալություն հայտնել նրանց գոյության համար։ 

Տեսանյութը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանից (CWR) է։ ՀՀ կարմիր գիրքը, որպես մեղուների վտանգման հիմնական գործոններ է նշում հողերի և միջատասպան միջոցների ոչ խելամիտ օգտագործումը։