Միրզոյանը Փոլ Գավանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից պարտավորությունները չկատարելուն վերաբերող տեղեկություններ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի զեկուցող Փոլ Գավանին:

Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահն ընդգծեց, որ հայկական կողմը մեծ կարեւորություն է տալիս ԵԽԽՎ-ին եւ բարձր է գնահատում այս կառույցում տեղի ունեցած քննարկումներն Արցախի ու հայ ռազմագերիների վերաբերյալ:

Արարատ Միրզոյանն անդրադարձ կատարեց 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործություններին, եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձնելու` Ադրբեջանի պարտավորության չկատարմանը, պաշտոնական Բաքվի կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությանը, որի վերջին դրսեւորումներից մեկը տխրահռչակ պուրակի բացումն էր:

Խորհրդարանի խոսնակը ներկայացրեց նաեւ ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժելու մասին տեղեկատվություն` հավելելով, որ վերջին օրերին Ադրբեջանում անցկացված զորավարժությունների մասին պատշաճ կարգով նախապես չի հայտարարվել, ինչն էլ միջազգային իրավունքի մեկ այլ կոպտագույն խախտում է:

Փոլ Գավանը շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին ընդունելության եւ իր փաստահավաք աշխատանքները Հայաստանում կազմակերպելու ուղղությամբ տրամադրած աջակցության համար եւ վստահեցրեց, որ նախապատրաստվող զեկույցը, որը պիտի ներկայացվի ԵԽԽՎ-ում, ամբողջությամբ արտացոլելու է առկա իրականությունը:

Արարատ Միրզոյանը ցավով փաստեց, որ ադրբեջանական կողմը խնդիրներ է ստեղծում զեկուցողի` Արցախ այցելության համար, ապա համոզմունք հայտնեց, որ ԵԽԽՎ տարածքում չեն կարող լինել գորշ գոտիներ եւ անհրաժեշտ է արցախահայերի իրավունքների խախտմանը ծանոթանալ հենց տեղում:

Ի պատասխան գործընկերոջ հարցին` Ազգային ժողովի նախագահը նշեց, որ հայկական կողմը հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում է միջազգային մանդատ ունեցող միակ ֆորմատի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում այն բանից հետո, երբ Ադրբեջանը կվերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց, դուրս կբերի զինված ուժերը Հայաստանի տարածքից եւ վերջ կտա իրականացվող հայատյաց քաղաքականությանը: