Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը հայ գերիների մասին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևն անվանել է թղթի կտոր․ Factor.am

Ադրբեջանից արձագանքել են նախօրեին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին, որը պարտադրում է Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց, գրում է Factor.am-ը։

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը ափսոսանք է առաջացնում։

Նա նշել է, որ փաստաթուղթն ընդունվել է Ադրբեջանի դեմ «հայկական քարոզչության» ազդեցության ներքո։

«Դա ընդամենը թղթի կտոր է և չի արտացոլում Եվրոպական Միության վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանը հետաքրքրված է ԵՄ-ի հետ համապարփակ հարաբերությունների զարգացմամբ։ Եվրախորհրդարանում որոշ կողմնակալ խմբերի ջանքերը չեն կարող վնասել Ադրբեջանի ու ԵՄ-ի հարաբերություններին»,- ասել է Գաֆարովան։ Հիշեցնենք, որ վերոնշյալ բանաձևը Եվրոպական խորհրդարանն ընդունել էր նախօրեին 607 կողմ ձայնով։

Ի դեպ, Ադրբեջանի ԱԳՆ-ն դեռ որևէ կերպ չի արձագանքել այս բանաձևի ընդունմանը։