Նման բան չկա. Ռուբեն Ռուբինյանը՝ թշնամուն գյուղեր զիջելու մասին․ Factor.am

Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ․ Ռուբեն Ռուբինյան

Երեկ ընդդիմությունը տարածել է քննարկվող փաստաթղթի ամբողջական տարբերակը: Դրան կից փաստաթուղթ և որևէ գաղտնիք չկա: Տեսել եք այդ փաստաթղթի աշխատանքային տարբերակը, որի մեջ ոչ մի խոsք չկա տարածքների զիջման մասին, գրում է Factor.am-ը:

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ ընդգծելով՝ հայկական կողմն ասել է, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցով հանձնաժողով ստեղծելու փաստաթղթի քննարկումը կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ելման դիրքեր վերադառնալու դեպքում։

«Այս ընթացքում ՌԴ-ից առաջարկ է ստացվել դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ։ Ուշադրություն, ոչ թե անել դելիմիտացիա հիմա կամ մեկ ամսից, այլ ստեղծել նման հանձնաժողով։

Ուզում եմ նաև հիշեցնել, որ, օրինակ, Հայաստանի ու Վրաստանի միջև կա այդպիսի հանձնաժողով, որը 20 տարուց ավելի գործում է։ Եվ մենք ի պատասխան այս առաջարկի՝ կրկին մեր հստակ դիրքորոշումն ենք արտահայտել առ այն, որ սա կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալու և ելման դիրքեր վերադառնալու դեպքում»,- նշեց Ռուբինյանը։

Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի սահմաններն ընդունելիս՝ Հադրութի, Շուշիի և Արցախի մյուս տարածքների հարցն ի՞նչ է լինելու, Ռուբինյանը պատասխանեց․

«Ես այստեղ ուզում եմ հստակեցնել՝ եթե այս փաստաթուղթը ստորագրվի և նման հանձնաժողով ստեղծվի (իսկ դա կարող  է տեղի ունենալ միայն հայկական կողմի պայմանի իրագործման դեպքում), խոսքը լինելու է ՀՀ և Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին, և ոչ Ադրբեջանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին։ Այսինքն՝ այս գործընթացը կամ այս հանձնաժողովը որևէ կապ չի ունենալու Արցախի սահմանների և կարգավիճակի հետ»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ղարաբաղը ներառյալ», Ռուբինյանն ասաց, որ այդպես չի կարող լինել։

«Արցախի հակամարտությունը լուծված չէ, նոյեմբերի 9-ի հայտարարությունը խաղաղության պայմանագիր չի եղել, այդ հայտարարության մեջ որևէ հղում չի եղել Արցախի այս կամ այն կարգավիճակին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ բոլոր երկրները ֆիքսել են իրենց տեսակետն առ այն, որ Արցախի կարգավիճակի որոշման հարցը մնում է բաց։ Եվ, հետևաբար, իր հայտարարածը տեղի չի կարող ունենալ։ Պետք է տեղի ունենա հետևյալը՝ ադրբեջանական զորամիավորումները պետք է լքեն ՀՀ ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված սահմանները, և միջազգային մեր գործընկերների դիրքորոշումը ևս նույնական է մեր դիրքորոշման հետ»,- նշեց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: