Մեր երկրում բովանդակային առումով ժողովրդավարության ընկալման ճգնաժամ կա․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արձանագրենք, որ նոր ձևավորված քաղաքական ուժերի մի մասի նկատմամբ հեռուստաընկերությունների մեծ մասի կողմից իրականացվում է տեղեկատվական շրջափակում, ինչը, մեղմ ասած, հասկանալի է, բայց տարակուսելի:

Այսպիսի միակողմանի և ընդգծված քաղաքականություն դժվար է հիշել, թե երբ է եղել, կամ առհասարակ՝ եղե՞լ է, թե՞ ոչ:

Արդարության համար նշեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում, երբ ակտիվ քաղաքական գործունեություն իրականացնելու հայտ ենք ներկայացրել, հեռուստաընկերությունների կողմից հրավեր ենք ստացել միայն Հանրային, Երկիր Մեդիա, Ա1+ և ԳԱԼԱ հեռուստաընկերություններից:

Այս իրավիճակը ոչ միայն խոսում է առողջ մրցակցության բացակայության մասին, այլև անընդհատ հիշեցնում է քեզ, որ մեր երկրում բովանդակային առումով ժողովրդավարության ընկալման ճգնաժամ կա, ազատության փիլիսոփայության ընկալման խնդիր կա, որ մենք մնացել ենք «Պախանների» պատկերացումների ձեռքին որպես պատանդ և չենք կարողանում ձերբազատվել՝ բռնելով արժանապատիվ զարգացման հուն…

Բոլոր դեպքերում, սա ազնիվ մոտեցում չէ…

Մեր երկրում արդարության մթնոլորտ պետք է ստեղծել բոլոր ոլորտներում, և այդ խնդիրը մենք անպայման լուծելու ենք…»։