Ինքնակենսագրություն և հուշագրություն. հայերեն է հրատարակվել Հրանտ Դինքին նվիրված «Ակոս» գիրքը

Պոլսահայ լրագրող, «Ակոս» ամսաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության և ժամանակակից թուրքական հասարակության մասին պատմող «Ակոս» վեպը թարգմանվել է հայերեն:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ֆրանսիացի արձակագիր, լրագրող Վալերի Մանտոյի՝ ֆրանսիական ամենաբարձր գրական պարգևներից մեկին՝ «Ռընոդո» մրցանակին արժանացած ստեղծագործությունը հայ ընթերցողներին ներկայացվեց Հրանտ Դինքի սպանության տարելիցին՝ հունվարի 19-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը: Ներկա էր նաև հեղինակը:

«Գիրքը նվիրված է Հրանտ Դինքին, որը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում:  Գրքի հայերեն հրատարակությունը մեզ համար Դինքին հարգանքի տուրք մատուցելու ձև է, բացի այդ՝ այն խորհրդանշական է նրանով, որ նվիրված է խոսքի ազատությանը: «Ակոս»-ում մենք հանդիպում ենք թուրք մտավորականների, որոնք մեծ խնդիրներ են ունեցել իրենց իշխանությունների հետ ու շարունակում են ունենալ մինչ օրս»,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը:

Նա տեղեկացրեց, որ գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 19-ին՝ ժամը 18:00-ին ՀԲԸՄ-ում, հունվարի 21-ին Վալերի Մանտոն այն կներկայացնի Գյումրիում, իսկ հունվարի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Սերժ Ավետիքյանի  «Վերադարձ Սոլոզ»  վավերագրական ֆիլմի նախադիտումը: