«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը՝ ըստ ՊԵԿ-ի. «Արմռադիո»

«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը՝ ըստ ՊԵԿ-ի. «Արմռադիո»
«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը՝ ըստ ՊԵԿ-ի. «Արմռադիո»

ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել նոր գաղափար, ըստ որի՝ 2020-ից  եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները:

«Արմռադիո»-ի փոխանցմամբ, դրա առաջին քայլը պետք է լինի քաղաքացու կողմից սեփական եկամուտները պարտադիր հայտարարագրելը, ըստ որի կորոշվի՝ նա ունի՞ հարկման ենթակա եկամուտ, թե՞ ոչ: Այս նախաձեռնությունը որոշակի մտահոգություն է առաջացրել քաղաքացիների շրջանում: Ո՞վ է դառնալու 23 տոկոսանոց հարկի նոր վճարող ու ինչպե՞ս. առաջացած հարցերը ՊԵԿ նախագահի հետ զրույցում փորձել է հստակեցնել Ռադիոլուրը:

Հայաստանը փորձում է ներդնել տրանսֆերտների հարկման մեխանիզմ, այսինքն՝ եթե քաղաքացին դրսից եկամուտ է ստանում, պարտավոր է այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը որպես եկամտային հարկ վճարել պետությանը: Սա դեռ գաղափար է, որը ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել, բայց որն արդեն հասցրել է քաղաքացիների շրջանում անհանգստություն հարուցել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանում է՝ ո՞ւմ ուղարկված ի՞նչ գումարների հարկման մասին է խոսքը:

Հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով: Ինքն արդեն պետք է իմանա, որ ինքը դրսից գումար է ստացել, դա եկամուտ է, որից ինքը պետք է հարկ վճարի:

«Հիմա ժողովուրդը կարող է մեզ քննադատել, ասել՝ տարիներ շարունակ մեր հարեւանը, բարեկամը կամ ամուսինը խոպանում գումար է վաստակել եւ ուղարկել, որը չի հարկվել: Այո, այդ գումարը, որը նա վաստակել, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը եւ ապա հարկենք մեր օրենքով»,- ասել է Անանյանը:

Նրա կարծիքով, պետք է սահմանել տարեկան հայտարարագրի լրացման ու հարկերի վճարման ժամկետ՝ անպայման սահմանելով առնվազն 2 ամիս: Այսինքն, օրինակ՝ եկող տարվա մարտի 15-ը լինի հայտարարագրի լրացման, իսկ մայիսի 15-ը՝ հարկերի վճարման վերջնաժամկետ: Բոլորը դառնալու են եկամտային հարկի տարեկան հայտարարագիր ներկայացնողներ, բայց հնարավոր է այդ հայտարարագրի արդյունքում վճարվելիք հարկեր չառաջանան:

23 տոկոս եկամտային հարկ վճարող է դառնալու բնակչության այն ստվար զանգվածը, որն ինքնազբաղված է, որը զբաղված է գյուղոլորտում, որոնց արտադրանքի մի մասը հանվում է վաճառքի, բայց դրա շրջանառությունն էլ չի երեւում: Եկամտային հարկով լրացուցիչ կհարկվեն նաեւ գրանցված աշխատողները, եթե նրանք աշխատավարձից զատ այլ եկամուտ էլ ունեն: