Գլխավոր դատախազությունից պարզաբանել են, թե ինչու է Սմբատյանների նկատմամբ հենց կալանավորման միջնորդություն ներկայացվել. «Լուրեր»

«Լուրեր»-ի հետ զրույցում Երևանի դատախազության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը նշել է․ «Արմեն Սմբատյանը քրեական վարույթի մասին տեղեկություններ ստանալուց հետո կազմակերպել է մի քանի հանդիպումներ խմբի անդամների հետ և վերջիններիս համոզել, հորդորել, չեմ կաշկանդվի այդ բառից, նաև զգուշացրել կամ վախեցրել, որ նախաքննական մարմիններում վերջիններս տան իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ, հստակ շարադրել է ցուցմունքների բովանդակությունը, նշել, թե ուր պիտի գնան, ինչ ցուցմունքներ տան և նշել, որ որևէ դեպքում Սերգեյ Սմբատյանի անունը չպետք է շոշափվի, իր անունը»։

Դատախազի խոսքով՝ այս ամենը հաստատվել է փաստական տվյալներով․ «Սա նախաքննությանը խոչընդոտելու վառ ապացույցն է եղել, և ծանրակշիռ հիմք է տվել ենթադրելու, որ մեղադրյալների նկատմամբ ՔՕ սահմանված պարտականությունների պատշաճ կատարումը դժվար կլինի ապահովել այլընտրանքային խափանման միջոցների ընտրությամբ»։

Հիշեցնենք, որ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, նրա հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը կալանավորվել են։ Քրեական վարույթով պարզվել է, որ Արմեն Սմբատյանը, Սերգեյ Սմբատյանը և գործարար Ա.Պ.-ն 2012 թ․ ՀՀ կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը: 

Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ նրա որդուն` դիրիժոր Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։