Քաղաքապետարանը պայքարում է Քոչարյանի գրքի պաստառների դեմ․ «ՀԺ»-ն մանիպուլացնում է․ FIP.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթը դեկտեմբերի 12-ին «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերտառությամբ հոդվածում, անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությանը, մի քանի զուգահեռներ է տարել վերջինիս և նախկին իշխանությունների ներկայացուցիչների միջև:

Մասնավորապես, փորձելով ցույց տալ, որ նախկին իշխանությունների և Մարությանի միջև կա ստվերային համագործակցություն, «ՀԺ»-ն նման կուլիսային պայմանավորվածությունների հետ է կապել Երևանում Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդային պաստառների առկայությունը։

«Թերևս ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Երեւանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները»,- գրել է թերթը։

Բազմաթիվ քննարկումների արժանացած այս մանիպուլյատիվ հոդվածին արդեն իսկ անդրադարձել են «Ինֆոքոմի» մեր գործընկերները՝ ցույց տալով, որ քաղաքային իշխանությունները որևէ կերպ չէին կարող խոչընդոտել գովազդային պաստառների տեղադրմանը, եթե գովազդի թույլտվության համար ներկայացված հայտը ամբողջովին համապատասխանում է ներկայացվող չափանիշներին։

Սրան հավելենք այն, որ դեռևս այս տարվա ապրիլին նույն «Հայկական ժամանակը» հոդված էր հրապարակել այս պաստառների մասին, որում նույնիսկ մեկնաբանություն էր վերցրել քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանից։ Ըստ վերջինիս պարզաբանման՝ գրքի գովազդի տեղադրման նոր հայտն արդեն եղել էր լիարժեք, և քաղաքապետարանն այդ անգամ չէր կարող մերժել պաստառների տեղադրումը։ Սակայն Հայկ Մարությանին ստվերային պայմանավորվածությունների մեջ մեղադրող լրատվականը նոր հոդվածում ոչ միայն չի հիշատակել այս հանգամանքը, այլև չի նշել մեկ այլ՝ առավել կարևոր փաստ։

Դեռևս 2019 թվականին Երևանի քաղաքապետարանը արգելել էր «Կյանք և ազատություն» գրքի գովազդային վահանակների տեղադրումը, ինչից հետո գրքի հրատարակիչ կազմակերպությունը՝ «Սփեյս մենեջմենթ» ՍՊԸ-ն, դիմել էր դատարան (ի դեպ՝ այս ընկերությունը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի զավակներին՝ Գայանե, Սեդրակ և Լևոն Քոչարյաններին՝ հավասար մասնաբաժիններով)։ Դատարանը նախորդ տարվա դեկտեմբերին բավարարել էր հայցվոր կողմի պահանջը և պարտավորեցրել Երևանի քաղաքապետարանին թույլատրել վահանակների տեղադրումը։ Սակայն 2021 թ․ հունվարին քաղաքապետարանը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի վճիռը վերաքննիչ դատարանում, որտեղ էլ մինչ այժմ քննվում է այդ գործը։ Այսինքն՝ պատերազմից հետո քաղաքապետարանը շարունակել է պայքարել Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդային վահանակների տեղադրման դեմ՝ հակառակ թերթի պնդումների։

Այսպիսով, փաստենք, որ «Հայկական ժամանակը» անհիմն է պայմանավորում Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառների հրապարակումը Հայկ Մարությանի հետ ստվերային համագործակցությամբ, քանի որ քաղաքապետարանը մինչ օրս դատարանում պայքարում է այդ գովազդների տեղադրման նախնական հայտի դեմ:

Փաստերի ստուգման հարթակ