Կորոնավիրուսի պայմաններում, երբ մարդիկ մեկուսացված են, ներընտանեկան ճնշումներն ու բռնությունները էապես ավելացել են. Փորձագետ

«Մեդիալաբի» հարցազրույցը երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագետ Դավիթ Թումասյանի հետ

– Պարո՛ն Թումասյան, Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում տեղի ունեցածն ի՞նչ ցույց տվեց, արդյո՞ք դա պետական մարմինների անտարբերության հետևանք էր։

– Պետք է հասկանալ, որ սա գլոբալ, համակարգային լուծում պահանջող խնդիր է և ոչ թե առանձին վերցրած մի անձի խնդիր։ Նախևառաջ ընդունում ենք այն փաստը, որ առաջնայինը երեխայի խնամքի, դաստիարակության և բոլոր իրավունքների պաշտպանության համար պատասխանատու է ծնողը։

Բայց պետությունն էլ ունի որոշակի հստակ դերակատարում, և այն դեպքում, երբ տեսնում է, որ ծնողը դա չի իրականացնում, պետք է միջամտի, ընդ որում՝ փուլային եղանակով։ Առաջին փուլում պետությունը պետք է աջակցի ծնողին և նրա մեջ ձևավորի ծնողավարման հմտություններ՝ օրինակ, ասելով, որ նա ճիշտ չի դաստիարակում։ Եթե դա արդյունավետ չի լինում, նոր միայն պետությունը պետք է կիրառի պատժիչ քաղաքականություն և սահմանափակի ծնողական իրավունքները, ենթարկի քրեական պատասխանատվության՝ հիմքերի առկայության դեպքում։

Այս իրավիճակը նոր չէ, և պատահական չէ, որ դա հիմա տեղի ունեցավ, որովհետև ամբողջ աշխարհում կորոնավիրուսի պայմաններում, երբ ազգաբնակչությունը մեկուսացված կամ ինքնամեկուսացված է, ներընտանեկան ճնշումներն ու բռնությունները էապես ավելացել են։ Եթե անդրադառնանք ընտանիքում բռնության հանցագործությունների պաշտոնական վիճակագրությանը, ապա կարող ենք տեսնել, որ 2019-ի առաջին կիսամյակում ընդամենը 49 երեխա է տուժող ճանաչվել ընտանիքում բռնության հետևանքով, իսկ արդեն 2020-ին ունենք 60 երեխա։

Բայց կան որոշակի հանցագործություններ, որոնց ցուցանիշը նվազել է, օրինակ՝ ծեծը կամ թեթև մարմնական վնասվածքները։ Բայց դա իրական պատկերը չէ, նման հանցագործությունները թաքնված են, քանի որ այդ երեխան չի հաճախում դպրոց, նրա կապտուկները դպրոցում չեն տեսնում, քանի որ այդ երեխաները փակ պայմաններում են գտնվում, անգամ բժշկական օգնության չեն դիմում՝ մտածելով, որ կորոնավիրուս է, չվարակվեն։

Արդյունքում ստացվում է, որ թեթև, ոչ ծանր հանցագործությունները մնում են չբացահայտված։ Բայց, ցավոք, մենք տեսնում ենք սպանություններ, ծանր մարմնական վնասվածքներով դեպքեր։ Այսինքն՝ հանրային հնչեղություն ստանում են այն դեպքերը, որոնք որևէ ձևով ընտանիքը չի կարող թաքցնել։

Իսկ ծեծը, մարմնական վնասվածքները, երբեմն՝ սեռական ոտնձգությունները ընտանիքի անդամների միջև երբեմն նաև կոծկվում են։ Առավել ևս՝ այս մեկուսացման ու ինքնամեկուսացման պայմաններում։

– Ընտանիքում բռնությունների լատենտայնությունը որքա՞ն է կազմում։

– Ընտանիքում բռնությունների լատենտայնությունը կազմում է 60-80 տոկոս, ինչը նշանակում է, որ մենք իմանում ենք յուրաքանչյուր 4-րդ կամ 5-րդ դեպքի մասին։

Դեպքերի մեծ մասը ակամա դառնում է անհասանելի իրավապահ մարմինների համար, և այդ անհասանելիությունը պայմանավորված է թե՛ տուժողի, թե՛ համայնքային առանձնահատկություններով՝ ամոթի զգացում, հարևաններն ինչ կմտածեն, ինչպե՞ս է միայնակ ապրելու և այլն։

Բայց կան նաև հոգեբանական այլ առանձնահատկություններ, երբ տուժողը սովորել է ենթարկվել, ունի ստոկհոլմյան համախտանիշ, գտնվում է հոգեբանական ծանր վիճակում և գտնվում է բռնարարից հոգեբանական կախվածության մեջ, արդարացնում է նրա ցանկացած գործողություն։

– Պարո՛ն Թումասյան, ընտանեկան բռնության մասին օրենքը, որը մեծ աղմուկով ընդունվեց, կարո՞ղ ենք ասել՝ լիարժեք չի աշխատում։

– Այն, որ ունենք օրենք, դա փաստ է, բայց այդ օրենքը ի սկզբանե ընդունվել էր շատ խառը իրավիճակներում՝ 2017 թվականին։ Այդ ժամանակ հասարակության կողմից կար դիմադրություն, ու դրա արդյունքում կատարվեցին փոփոխություններ, որոնք միանշանակ չէին բխում օրենքի բովանդակությունից։

Այդ փոփոխությունները խոչընդոտում են թե՛ ոստիկանության աշխատանքը, թե՛ դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը։ Նաև մենք ունենք բավականին մեծ դիմադրություն հասարակության կողմից. ցավոք, հասարակության մի մեծ զանգված մինչև հիմա չի ընդունում բռնությունը և ասում է, որ Հայաստանում ընտանիքում բռնություն գոյություն չունի,  երեխաները բռնության չեն ենթարկվում, առավել ևս՝ ընտանիքում։

Բայց փաստերը ակնհայտորեն հակառակի մասին են խոսում։ Շատերը ինչ-որ դեպքի մասին ասում են՝ սա բռնություն չէ, հանկարծակի կատարված դեպք է և չի կարող լինել համատարած, բայց ես նման դեպքերում միշտ հակադարձում եմ՝ անգամ մեկ սպանված կամ բռնաբարված երեխան բավական մեծ ցուցանիշ է, որ պետությունը պայքարի դրա դեմ։

Պետական մարմիններին պետք է աջակցեն ոչ միայն հասարակական կազմակերպությունները, այլ նաև հենց հասարակությունը։ Ես վստահ եմ, որ Խաշթառակում երեխային ծեծելու հանգամանքը շատ լավ իմացել են նաև հարևանները, բայց խնամքով լռել են այդ մասին, դրսևորել են անտարբերություն։ Շատ լավ իմացել են, որ կինը ծեծել է երեխաներին։

Ավելին, չի բացառվում, որ այդ կինը ինքն էլ է ծեծով մեծացել, այսինքն՝ ինքը բռնությամբ դաստիարակվել է և ինքն էլ շարունակել է բռնությամբ դաստիարակել։ Բռնությունը ծնում է բռնություն, արդյունքում մենք ունենում ենք սխալ, խեղաթյուրված հոգեբանությամբ ձևավորված անձ, որը նույն ձևով խեղաթյուրում է իր ընտանիքի անդամներին։ 

– Մասնավորապես, ի՞նչ առաջարկություններ ունեք իրավիճակը փոխելու համար։

– Որպես համակարգային լուծում՝ հետևյալ մոտեցումը կառաջարկեի՝ իրականացնել ծնողավարման հմտությունների վերապատրաստում, այսինքն՝ բժշկական կոնսուլտացիաների դեպքում կանանց, բացի բժշկական ինչ-որ առանձնահատկությունների մասին ծանուցելուց, ծննդաբերությանը նախապատրաստելուց, սովորեցնել ծնողավարության հմտություններ։

Նման դասընթացներ անհրաժեշտ է իրականացնել ավագ դասարաններում՝ ցույց տալու զուտ ընտանիքի ֆորմատը և ընտանիքում ծնողի դերակատարումը, երեխայի սիրված, գուրգուրված մեծանալու անհրաժեշտությունը։ Հետո երբ ինչ-որ խնդրահարույց իրավիճակ է առաջանում մի որևէ ընտանիքում, կարևորվում է սոցիալական աշխատողների դերակատարումը, որոնք ունեն տունայցերի պարտականություն։ Եվ եթե տուն այցելության ժամանակ նկատում են երեխայի հետ կոնֆլիկտային խոսակցություն, փորձեն ծնողների հետ բացատրական աշխատանքով իրավիճակը շտկել։

Ծնողը ե՞րբ է գոռում երեխայի վրա կամ խփում երեխային, երբ փորձում է բացատրել, բայց երեխան չի հասկանում, և ծնողը, իրոք, անճարությունից, տեսնելով, որ չի կարող երեխայի լացը կտրել, ծեծում է նրան։ Արդյունքում, տեսնելով, որ ծեծելը դառնում է «արդյունավետ» միջոց, ծնողը պարբերաբար դիմում է այդ միջոցին և ջանք չի գործադրում երեխային որևէ բան բացատրել։

Կամ սպառնալով, գոռալով, վախեցնելով բերել մի իրավիճակի, որ երեխան չլացի։ Սա ծնողավարում չէ, սա սխալ դաստիարակություն է, որովհետև հետո երբ ծնողը դառնա անօգնական, անաշխատունակ, երեխան է նրա վրա գոռալու, ծեծելու։ Այսինքն՝ մենք ունենում ենք վերարտադրող բռնություն։ Այսինքն՝ եթե սոցաշխատողները տեսնում են հակամանկավարժական, երեխայի շահերից չբխող դաստիարակության մեթոդ, պարտավոր են միջամտել ու օգնել ծնողներին ճիշտ դաստիարակել երեխաներին։

Եթե երեխայի նկատմամբ ոտնձգություն է տեղի ունեցել, օրինակ՝ թեթև մարմնական վնասվածք, այս պարագայում պետությունը պետք է նրան քրեական պատասխանատվության ենթարկի, որովհետև դա պետք է լինի զսպող գործոն ոչ միայն այդ ծնողի, այլ նաև այլ ծնողների համար։ Ցավոք սրտի, շատ ծնողներ երեխային վերաբերվում են որպես գույքի՝ համարելով իրենց սեփականությունը, ինչ ուզում՝ անում են։

Եվ երբ հասկանան, որ երեխայի նկատմամբ որևէ ոտնձգության համար իրենց սպառնում է քրեական պատասխանատվություն, ապա դա կանխարգելիչ ազդեցություն կունենա, և շատ ծնողներ երկար կմտածեն՝ մինչև երեխայի վրա ձեռք բարձրացնելը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am