Աղբահանության վճարի արտոնություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներին

Աղբահանության վճարի դրույքաչափի նկատմամբ արտոնություն կտրամադրվի Արցախյան պատերազմների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանքներ կատարելու ժամանակ զոհված, անհայտ կորած, անհայտ բացակայող, մահացած ճանաչված, գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամներին, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին:

Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Այսօր կայացած նիստում ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: Սույն որոշմամբ վերոնշյալ անձինք կազատվեն աղբահանության վճարի պարտավորությունների և հաշվարկված տույժերի վճարումից՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

***
Առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի, բժշկագիտության ոլորտում երկարամյա գիտամանկավարժական գործունեության և ունեցած ձեռքբերումների համար Երևանի ավագանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ, պատվավոր պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Սարուխանյանին:


***
Ավագանու մեկ այլ որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանն անվանակոչվեց Համո Սահյանի անունով:


***
Երևանի թիվ 100 դպրոցն էլ այսուհետ կկրի ազատամարտիկ, գրող Դավիթ Սարապյանի անունը: