Շուրջ 3000 անձ դիմել է Անձնագրային վարչություն՝ «պատգամավորի տեղեկանք» ստանալու համար. հարցազրույց Արա Մկրտչյանի հետ․ ՀԺ

Նախորդ ուրբաթ օրվա դրությամբ 1600 անձ դիմել է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ պատգամավորության թեկնածու լինելու համար անհրաժեշտ տեղեկանք ստանալու համար:

Մինչեւ այսօր ժամը 18:00-ն, երբ ավարտվելու է կուսակցությունների կողմից ԿԸՀ ցուցակների ներկայացման ժամկետը, նախնական կանխատեսմամբ 3000 անձ արդեն դիմած կլինի այդպիսի տեղեկանք ստնալու համար:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այսպիսի կանխատեսում արեց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Արա Մկրտչյանը:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրացուցակների մաքրման, անձնագրայինում մեծ հերթերի, ընտրողների թվի մեծացման, 2020-ին ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց թվի մասին մեր զրույցը ոստիկանության գնդապետի հետ՝ ստորեւ.

– Պարոն Մկրտչյան, հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ են սպասվում մեր երկրում։ Գաղտնիք չէ, որ լավ ընտրություններ անցկացնելու ամենակարեւոր նախապայմաններից մեկը ընտրացուցակներն են։ Ի՞նչ հանձնարարություն ունի Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը ոստիկանապետից, ի՞նչ աշխատանքներ են տարվում՝ ցուցակները մաքրելու համար։

– Համամիտ եմ՝ լավ ընտրություններ անցկացնելու հիմնական գրավականներից մեկը լավ ընտրական ցուցակներն են։ Ոստիկանապետի կողմից առաջին հերթին հանձնարարական է տրված՝ գործելու օրենքի սահմաններում, լիարժեք իրականացնելու այն ամբողջ գործիքակազմը, որն անհրաժեշտ է ցուցակները կազմելու համար: Այդ աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով մենք օգտագործում ենք ոչ միայն Ոստիկանության, այլ նաեւ պետական մյուս մարմինների ռեսուրսները: Մասնավորապես, բացի թղթային, էլեկտրոնային եւ փոստային տեղեկատվությունից, որը մենք պաշտոնապես ստանում ենք ցուցակների հետ կապված,  ոստիկանությունը նաեւ իր ունեցած ռեսուրսների շնորհիվ ստուգում է ընտրողների հաշվառումները եւ իրականացնում է այցեր փաստացի բնակության վայրեր, համապատասխանեցնում ցուցակները իրական պատկերի հետ։

Այս հսկայածավալ աշխատանքը, որ ներկայումս կատարվում է ընտրացուցակները մաքրելու համար, չի կարող բացառել որոշակի թերացումներ: Ուստի, նախնական ցուցակները հրապարակելուց հետո մենք ակնկալելու ենք բոլորից՝ հասարակությունից, լրագրողներից ներկայացնել բացթողումների վերաբերյալ տեղեկություններ, որպեսզի հիմնական ցուցակները հրապարակելիս բոլոր թերությունները վերացված լինեն։

Հարցազրույցն ամբողջովին՝ սկզբնաղբյուր կայքում