Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ։
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ հայ և վրացի ժողովուրդները դարեր շարունակ առաջնորդվել են բարիդրացիական հարաբերությունները պահպանելու, սերտ համագործակցությունը շարունակելու և ամրապնդելու սկզբունքներով:
«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այսօր էլ Հայաստանն ու Վրաստանը շարունակում են հետևողական հոգատարությամբ վերաբերվել երկու երկրների միջև ձևավորված բազմաշերտ հարաբերություններին:
Ուրախ եմ, որ Վրաստան կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում հնարավորություն ունեցանք քննարկելու մեր երկրների գործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:
Որպես տարածաշրջանի երկու հարևան և բարեկամ պետությունների նախագահներ՝ հանձնառու ենք նվիրումով և պատվով ծառայել մեր ժողովուրդներին և շարունակել համատեղ ջանքերը՝ հաջորդ սերունդներին փոխանցելու մեր նախնիներից ժառանգություն ստացած բարեկամական հարաբերությունները»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: