Հայտարարել ռազմական դրություն, դադարեցնել խորհրդարանական ընտրությունների նախընտրական պրոցեսները․ հայտարարություն

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հայտարարությունը․

Այսօր վաղ առավոտյան ՀՀ ՊՆ կողմից պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ 6 զինծառայողներ:

Ավելի վաղ՝ մայիսի 25-ին, Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից զոհվել էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ 32 ամյա Վ. Յ. Խուրշուդյանը:

Չնայած այն հանգամանքին, որ տվյալ իրավիճակում ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի Դաշնության հետ անվտանգային փոխգործակցությունը պետք է ապահովեր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, Հայաստանը ռազմավարական դաշնակիցների կողմից որևէ աջակցություն չունեցավ՝ նույնիսկ դատապարտող և զսպող հայտարարությունների տեսքով:

Ստեղծված ճգնաժամային և պայթունավտանգ իրավիճակում ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը, որը պատերազմից և պարտությունից հետո լիարժեքորեն չի վերականգնել իր ռազմական, քաղաքական և տնտեսական կարողությունները, չի կարող շարունակել ապավինել ՀԱՊԿ աջակցությանը և անվտանգային մեխանիզմների կիրառման երաշխավորությանը:

Ուստի, ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապաղ իրականացնել հետևյալ քայլերը.

1. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները և ռազմագերիների վերադարձի հարցերը Ֆրանսիայի առաջարկով և միջնորդությամբ բարձրացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում՝ դատապարտող բանաձևեր ընդունելու և ճնշումներ գործադրելու նպատակով։

2. անվտանգության սպառնալիքների ներկայիս պայմաններում երկրում հայտարարել ռազմական դրություն, դադարեցնել խորհրդարանական ընտրությունների նախընտրական պրոցեսները, իրականացնել պահեստազորի զորահավաք, դիմել Ֆրանսիային ՝ ռազմական աջակցություն ստանալու նպատակով, և սկսել գործողություններ՝ հակառակորդին ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս շպրտելու համար։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն