Սարդարապատը խմբակներով գնալու տեղ չէ, Սարդարապատը մերժում է խմբակները. Արթուր Մանուկյան

«Մեդիալաբի» հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի հետ

– Պարո՛ն Մանուկյան, այսօր Առաջին հանրապետության օրն է, տոն է: Հաշվի առնելով պատերազմում պարտությունը՝ այսօր ի՞նչ զգացողություններ ունեք:

– Անկեղծ ասած, ես այսօր երկար եմ մտածել օրվա խորհրդի հետ մասին և, թերթելով պատմության էջերը, գիտենք, որ Սարդարապատից առաջ մենք ցավալի պարտություններ ունեցել ենք, ավելի շատ ցավեր ենք ունեցել, մեծ կորուստներ, բայց դրանից հետո եղել է Սարդարապատը:

Ինձ համար Սարդարապատը հայի ապրելու հույսն է, հայի ապրելու մեծագույն փրկությունն է և հայի լինելու հավերժության նշանն է: Հայի կամքն է Սարդարապատը, որ այդ ավերածությունների միջից փյունիկի պես հառնելու ուժ է գտնում: Դա պատմական իրողություն է, փաստագրված իրողություն է և հորինվածք չէ, հեքիաթ չէ:

Այո՛, եղել է Սարդարապատը, և մարդիկ իրենց ապրելու կամքը դրսևորել են մարտի դաշտում: Ամենակարևորը՝ չմոռանանք, որ Սարդարապատը եղել է 1915 թվականից հետո, երբ ժողովուրդը մեծագույն ցավերի, կորուստների միջով անցավ, բայց փյունիկի պես հառնեց: Դա հեքիաթ չէր:

– Առաջին հանրապետությունը, սակայն, երկար կյանք չունեցավ:

– Այո՛, այդտեղ դասեր կան, որ մենք պետք է քաղած լինենք, ու այսօր էլ դրանք մեզ շատ պետք են: Պետք է ուշադիր լինենք և այդ դասերը կիրառենք: Եթե մենք որոշենք, որ ամեն երկու տարի հետո պետք է պետություն կործանենք, լավ չի լինի:

Պետք է հասկանանք, որ մեր հաղթանակներն այն ժամանակ են, երբ մենք պետության մասին ենք մտածում, և մեր պարտություններն այն ժամանակ են, երբ մենք կուսակցական, այսինքն՝ խմբային շահի մասին ենք մտածում:

Բայց Սարդարապատն ավելի խոր շերտեր ունի: Պետք է շատ ուշադիր լինենք ու չկրկնենք այն սխալները, որոնք եղան Առաջին հանրապետության հետ:

 – Նկատի ունենալով վերջին պատերազմը, որը անընդհատ մեզ հրամցվում էր որպես նոր Սարդարապատ, եղա՞նք ուշադիր, չկրկնվեցի՞ն սխալները:

– Նախ պատերազմը, ինչպես տեսնում եք, չի ավարտվել: Այն, ինչ ունենք թե՛ Հայաստանի ներսում, թե՛ այն, ինչ կատարվեց մեզ հետ 44 օրվա ընթացքում, կարծես, մենք չկարողացանք համահունչ լինել Սարդարապատի հետ:

Ամեն մեկս, ես ինձ չեմ առանձնացնում, մեր մեղքի բաժինն ունենք, որովհետև միասնությունը բոլորի գործն է:

Բաներ կան, մարդու կենսաձևեր կան, որ ես սկզբունքորեն չեմ ընդունում, օրինակ՝ գող-ավազակներին չեմ կարողանում ընդունել, չեմ կարողանում հաղթահարել իմ մեջ թալանչիներին:

– Մեղքի ամենամեծ բաժինը արդյոք քաղաքական ղեկավարությա՞նը չէ:

– Դե, վարչապետն իրեն չի առանձնացնում: Ինքն ասում է, որ ունի մեղքի իր բաժինը: Ինձ թվում է՝ միակ մարդը, որը խոստովանում է, որ ունի մեղքի իր բաժինը, վարչապետն է:

Դեռ չեմ տեսել մեկ ուրիշ կառույց կամ ինստիտուցիա, որն ասի՝ հա, ես էլ եմ մեղավոր, էն ռազմական դասը, որ պետք է սովորեի, չեմ սովորել, կամ գումար եմ տվել, կամ ծանոթի միջոցով եմ ստուգարքն ստացել:

Չգիտեմ, բայց պետք է հանրությունը իմանա կամ հասկանա, որ նրանք գիտակցել են իրենց մեղքը: Չի կարող մեկ մարդ ամեն ինչում մեղավոր լինել: Դա անհնարին է:

– Այսօր Սարդարապատի հուշահամալիրը դատարկ էր, տոնական միջոցառումներ չկային, հոգևոր դասն առանձին եկավ, իշխանությունները՝ առանձին: Մի տեսակ նեղացածություն կա, ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել:

– Ես հոգևոր դասի մոտիվները չգիտեմ, ինչու են նրանք խռովել: Ես գիտեմ, որ մենք միշտ պատրաստ ենք ու բաց ենք: Սարդարապատը մենակ գնալու տեղ չէ, խմբակներով գնալու տեղ չէ, Սարդարապատը մերժում է խմբակները: Դա առաջին դասն է՝ Սարդարապատը մերժում է խմբակները: Սարդարապատ պետք է գնալ միասին:

Ինչքան էլ ես չսիրեմ ու չընդունեմ ինչ-որ մարդկանց, Սարդարապատ պետք է գնալ միասին, որովհետև դա է Սարդարապատի դասը:

– Իշխանությունը մեղքի բաժին չունի՞ այդ նեղացածության հարցում:

– Գիտեք՝ երբ մի խնդիր է առաջանում, այդտեղ մեղավոր փնտրելը անշնորհակալ գործ է: Մեր մեղքը կա, և իրենց մեղքը կա:

Չգիտեմ, պետք է նստենք, խոսենք, հասկանանք՝ ինչ են ուզում մեզանից, ինչ չեն ստանում մեզանից, մենք ինչ ենք ուզում նրանցից, ինչ չենք ստանում նրանցից: Եթե, իհարկե, Սարդարապատը թանկ է մեզ համար:

Մենք պետք է հասկանանք միմյանց, ի վերջո, այս երկիրը ոչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է, ոչ Նիկոլինն է, ոչ իմը և ոչ էլ ձերը: Այս երկիրը մեր բոլորինն է:

Այս երկիրը, բացի մարդկանցից, այլ ռեսուրս չունի, եթե ուզում եք մաշել այդ մարդկանց, հետո՞… հետո ո՞ւմ ղեկավարն եք լինելու, ի՞նչն եք ղեկավարելու:

– Մեկ հարց ձեր քաղաքական ապագայի մասին. փաստորեն որոշեցիք հետ քաշվել և չմասնակցե՞լ ընտրություններին:

– Չէ՛, հետ չեմ քաշվում, բայց ես հասկացա, որ պատգամավորի գործը իմը չէ: Ես ունեմ իմ սկզբունքները, ունեմ իմ թիմը և հետ չեմ քաշվում:

Պաշտպանելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, նրանց հետ եմ, բայց ես ինձ չեմ տեսնում որպես պատգամավոր: Ես չեմ փախչում, ես աջակցելու եմ իմ թիմին:

Հասմիկ Համբարձումյան

Medialab