«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը
– Տիկի՛ն Վարդանյան, ավագանու ձեր խմբակցությունը հայտարարել է, որ փետրվարի 1-ից սկսելու է բոյկոտի ակցիա տրանսպորտի թանկացման դեմ, եթե մինչ այդ քաղաքապետարանը չչեղարկի այս որոշումը: Տեսնո՞ւմ եք նախադրյալներ, որ քաղաքապետարանը հետ կկանգնի իր որոշումից:
– Որևէ բանում, ինչը կապված է քաղաքապետարանի գործունեության հետ, ես չեմ կարող վստահ լինել, որովհետև դեռ չեմ տեսել հօգուտ բնակչության պահանջների որևէ հարցի ինչ-որ տրամաբանական հանգուցալուծում: Այն, որ բնակչությունը պարզ թելադրում է իր կամքը, այնքան ակնհայտ է, որ նույնիսկ քննարկման ենթակա չէ, մարդիկ պարզ արտահայտում են իրենց կարծիքը, որ վճարելու են 100 դրամ:
Տրամադրվող ծառայության որակը բացարձակապես չի հուշում այն մասին, որ կարելի է նման ձևով բարձրացնել գնային սանդղակը: Անպայման պետք է հաշվի առնել այն փաստը, որ մեր բնակչությունը 2020 թվականից այս կողմ անդադար գտնվում է սթրեսային իրավիճակի մեջ, և քաղաքային իշխանությունն ու ընդհանրապես իշխանությունն անում է ամեն ինչ, որ այդ սթրեսը գնալով ավելի ու ավելի խորանա:
Սա վերաբերում է հարկերի բազմաթիվ փոփոխություններին, որ արվում են, տրանսպորտի գնային փոփոխությունը, աղբահանության գանձման, ինչպես ասում է պարոն Ավինյանը՝ մեթոդաբանության փոփոխությունը, ինչի հետևանքով, բնականաբար, մարդիկ վճարելու են ավելի շատ:
Որևէ բան չի արվում բնակչի շահերից ելնելով, ամեն ինչ արվում է իշխանության շահերից ելնելով, գումարների գանձման՝ այն հարցում, երբ դա վերաբերում է բնակչությանը, իսկ այն պարագայում, երբ դա վերաբերում է քաղաքային իշխանությանը, նրանք անում են բոլոր ճոխ ծախսերը:
Եթե մենք չունենք գումար ու չենք կարողանում սուբսիդավորել տրանսպորտը, որն ամենասոցիալական կարևորություն ունեցող հարցն է, ու պետության առաջին պարտավորություններից է հարկատուին տեղ հասցնել, ապահովել նրան արժանավայել փոխադրամիջոցներով, եթե չեն կարողանում դա անել, ապա ժամանակը չէ, որ մենք միլիոններ ծախսենք բալետի վրա, Սնուփ Դոգի վրա, փառատոների և այլնի վրա:
Երևանցիներն իրենց ասելիքը պարզ ասում են, ու դա բոլորն են տեսնում, և այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ չկա: Մարդիկ տնտեսական նկատառումներից ելնելով ուղղակի չեն կարող ծածկել այդ բացը, առավել ևս, որ պետությունը զգուշացրել է, որ թոշակների վերանայում չի լինելու, մեր ուսանողները ստանում են ընդամենը 5 հազար դրամ կրթաթոշակ: Այսինքն՝ պետության կողմից արվում է մի գործընթաց, որի տակ չկա որևէ տրամաբանական հիմնավորում՝ տնտեսական ծախսերի, գնագոյացման քաղաքականության մասին տրամաբանական եզրակացության:
Բազմիցս խնդրել ենք բացատրել, ինչ-որ անտրամաբանական բաներ են ասում, ոլորտի փորձագետները, այդ թվում պարոն Պիպոյանը, շատ պարզ ասել ու ներկայացրել է փաստերը, Հայկ Մարությանն էլ բանավեճի ժամանակ պարզ ցույց է տվել՝ որտեղ են այդ սուբսիդավորման տեղերը, որտեղից կարելի էր գտնել գումարն ու ծածկել, որ երևանցին մինչև ամբողջական համակարգը, որը հաշվարկել էր անգլիական կազմակերպությունը, չներդրվի: Մենք պարտավոր էինք այս ամենն անել, վերջացնել ու նոր միայն սա անել: Իսկ մենք անում ենք հատվածային բաներ՝ քաղաքային իշխանության շահերից ելնելով, ասում ենք, որ մեզ ավելի շատ գումարներ են պետք: Ավելի քի՛չ ծախսեք, հարգելինե՛րս, ձեր մեքենաները, ձեր շրջագայությունները կրճատեք:
– Տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ ստորագրահավաք արեցիք, բավական թվով ստորագրություն հավաքվեց, բայց քաղաքային իշխանությունը, ըստ էության, հաշվի չնստեց այդ փաստի հետ, հիմա ի՞նչ հույսեր ունեք, որ բոյկոտը աշխատող տարբերակ կարող է լինել:
– Մենք արդեն ականատես եղել ենք նրան, երբ մեր բնակչությունը կանգնեց ու իր պահանջը դրեց: Ոչ մի իշխանություն երդվյալ չէ, որ անվերջ մնալու է իր տեղում, չպետք է չարաշահել մարդկանց համբերությունը այն ձևով, որով անում են: Մենք բերեցինք ճիշտ այնքան ստորագրություն, ինչքան ընտրել էին այսօրվա քաղաքային իշխանությանը, ու ես կարծում եմ, որ շատ ավելի լուրջ վիճակ կլինի, երբ մարդիկ կսկսեն այդ գումարները վճարել, չնայած նույնիսկ տրամաբանությանը չեն համաձայնում, էլ ուր մնաց, որ այս ամենը կյանքի կոչվի ու սկսի աշխատել, ու երևանցին այդ գումարները ծածկի:
Այստեղ խնդիրը բացարձակապես երևանցին չէ, բազմաթիվ ուսանողներ ունեմ, որոնք ամեն օր մարզերից են գալիս, նրանց ազգականներն են գալիս, տասնյակ հարցեր կան, որոնք բոլորին են վերաբերում: Ուզում են արդեն հնարավորությունից զրկել, որ միջքաղաքային տրանսպորտը գնա ուղիղ ավտոկայան, այդտեղից արդեն մարզերից եկած քաղաքացիները պետք է տրանսպորտ նստեն, այսինքն՝ անկախ նրանից, թե իրենք ինչ տարիքային խմբում ու ինչ զեղչային խմբում են գտնվում, Երևանում արդեն պետք է բոլորի նման վճարեն, ու սա բավական թանկ հաճույք է:
Երևանում այսօր ապրելը շատ թանկ է, ինչի մասին խոսում են բոլոր վերլուծաբանները: Ի դեպ՝ մենք դրա համար էլ կորցնում ենք այն բոլոր ռելոկանտներին, որոնք եկան Հայաստան ու բավական մեծ գումարներ բերեցին, ու տնտեսական առաջընթաց գրանցվեց: Մենք ուղղակի հետընթաց ենք ապրելու՝ առանց հասկանալու, որ պետք է երկարատև գործողություններ անենք, այլ ոչ թե հատվածական՝ որտեղից կարելի է գումար գանձել, այդտեղից սկսել գումար գանձել:
– Հույս ունե՞ք, որ բոյկոտին շատ քաղաքացիներ կմիանան, տիկի՛ն Վարդանյան:
– Այո՛, և համոզված եմ, որ այդ ընդվզումը լինելու է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am