Հարսանիք, վիճաբանություններ, հիշողություններ ու հուշեր՝ անցյալի ու ներկայի խաչմերուկում. «Հոգեբանորեն դժվար էր, բայց հարմարվեցի»

Նորքի շուրջօրյա խնամքի կենտրոնի ընդարձակ միջանցքում թեև մարդաշատ է, սակայն անսովոր լռություն է տիրում։ Մեկը հեռուստացույցին է սևեռել հայացքը, մյուսը հարևանի հետ շշուկով զրուցում է։ Մեկ ուրիշը կամացուկ շոյում էր ծունկը, մյուսը ժպիտով դիմավորում էր ներս մտնող անծանոթին։ Մի կնոջ հայացքը սառել էր պատուհանից դուրս՝ կարծես ինչ-որ մեկի սպասող։ Կյանքը այստեղ թվում է դանդաղահոս ու խաղաղ, բայց միայն առաջին հայացքից։

Կոկիկ հագնված մի կին անհանգիստ շտապեցնում է հարևանին։ 74-ամյա Սվետլանա Մինասյանն է։ Մոտ մեկ տարի առաջ սկսել է կենտրոնի մի քանի բնակիչների հետ մարզասրահ հաճախել։ Շաբաթը երկու անգամ մարզվում են, և այսօր հերթական այցի օրն է՝ չպետք է ուշանան։ Ասում է՝ մարզվելուց հետո իրեն ավելի թեթև ու ինքնավստահ է զգում։

«Մոտ հինգ տարի առաջ եմ եկել խնամքի կենտրոն։ Մինչ այդ ապրում էի ծնողներիս ու եղբորս ընտանիքի հետ։ Ծնողներիս մահից հետո ամուսնացա, 15 տարի միասին ապրեցինք, բայց երեխա չունեցանք։ Ամուսնուս մահից հետո տեղափոխվեցի եղբորս տուն։ Մեծ ընտանիք էր, չկարողացա հարմարվել»,– պատմում է տիկին Սվետան՝ ժպիտով մի պահ դադար տալով։ Նրա հայացքում դառը հիշողություններ են, որոնց մասին չի ուզում մանրամասն խոսել։

Սվետլանա Մինասյանը մասնագիտությամբ հաշվապահ է, ասում է՝ 45 տարի աշխատել է ու լավ վաստակել։ Պատմում է, որ ապագայի համար մտքում «թաքուն» այլ ծրագրեր ուներ, սակայն մի օր ստիպված եղավ որոշում կայացնել և տեղափոխվել խնամքի կենտրոն: 

«Երբեք չէի մտածել, որ կարող եմ ծերությունս այստեղ անցկացնել, թեև հարազատները ասում էին մնա, մի գնա, բայց չուզեցի, այստեղ ավելի լավ եմ ինձ զգում: Հոգեբանորեն դժվար էր, բայց ես հարմարվող եմ ու հարմարվեցի»,- «Մեդիալաբին» պատմում է նա: 

Սվետլանան նշում է, որ եղբոր որդիներն ու մորաքույրը երբեմն իրեն այցելության են գալիս, բայց ավելի հաճախ ինքն է հյուր գնում, հատկապես հատուկ առիթներին, վերջին անգամ մորաքրոջ ծննդյան տոնին է մասնակցել: Իսկ մինչ այդ ապրում է իր ամեն օրով, կենտրոնի ամենաակտիվ բնակիչներից մեկն է. մարզասրահ է այցելում, զբոսանքի գնում, սենյակը կարգի բերում, որը կիսում է երեք դրկից հարևանների հետ: Միասին հեռուստացույց են դիտում, զրուցում, երբեմն էլ վիճում՝ կենցաղային փոքրիկ խնդիրների շուրջ։

«Վեճեր երբեմն լինում են կենցաղային ամենատարբեր հարցերի շուրջ: Կարող է իրերը կորցնեն ու հարևանին մեղադրեն, ինչ-որ հարցի շուրջ կարծիք չկիսեն և այլն։ Մենք միշտ փորձում ենք իրավիճակը արագ հարթել, որ հակասությունները չխորանան։ Վերջին շրջանում ավելի հանգիստ է, բայց տարիներ առաջ եղել են նաև փոքր միջադեպեր, նույնիսկ՝ հարվածելու դեպքեր։ Տարիքից ելնելով՝ երբեմն անհավասարակշիռ վարք են դրսևորում, և նման բաներն էլ հնարավոր են»,– ասում է կենտրոնի հոգեբան Մելինե Աբրահամյանը, որն արդեն 15 տարի աշխատում է Նորքի խնամքի կենտրոնում: 

Շուրջօրյա խնամքի տանն այսօր բնակվում է 225 մարդ։ Կենտրոնում բնակվում են նաև 34 արցախցիներ՝ 50-94 տարեկան։ Մի մասը Արցախի խնամքի կենտրոնի բնակիչներն են, մյուս մասը Արցախում տուն ու տեղ կորցրած ու Հայաստանում տուն չգտած մարդիկ են, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդներ ու տարեցներ։  Տնօրեն Մարտին Կարապետյանը նշում է, որ մահվան կամ դուրսգրման դեպքում տեղն անմիջապես լրացվում է՝ ըստ Միասնական սոցիալական ծառայության սահմանած հերթացուցակի: Նա նշում է, որ հերթեր կենտրոն գալու համար միշտ են եղել որոշ դեպքերում տարեցները ստիպված են լինում երկար սպասել՝ կենտրոն տեղափոխվելու հնարավորության։

«Մարդկանց պատմություններն ու հանգամանքները շատ տարբեր են։ Ոմանք գալիս են մենակության պատճառով, որոշ դեպքերում տարեցն ինքն է ցանկություն հայտնում տեղափոխվել, քանի որ դժվար է համատեղ կյանքը ընտանիքի անդամների հետ։ Ունենք նաև դեպքեր, երբ տարեցն ունի երեխաներ, սակայն նրանք տարիներով անգամ մեկ անգամ չեն այցելել ծնողին։ Բայց կան նաև ընտանիքներ, որտեղ սոցիալական պայմաններն են ստիպել տեղափոխել ծնողին խնամքի կենտրոն, բայց երեխաները ամեն օր կամ ամեն շաբաթ գալիս են տեսակցության, երբեմն էլ տանում են ծնողին՝ մի քանի օրով տուն», – ասում է Կարապետյանը։

Տնօրենի խոսքով՝ գերակշռող դեպքերում ծնողները խնամքի կենտրոն են տեղափոխվում, քանի որ երեխաները բնակվում են արտերկրում, և նրանք մնում են միայնակ Հայաստանում։ Վերջին շրջանում հաճախանում են նաև արտերկրից ստացվող զանգերը՝ հարազատին կենտրոն տեղափոխելու պայմանների վերաբերյալ հետաքրքրվելու նպատակով։

«Մեր շահառուները ստանում են սոցիալական, հոգեբանական, բժշկական աջակցություն, ապահովվում են շուրջօրյա խնամքով։ Կենտրոնը բաղկացած է երեք մասնաշենքից, որոնցից մեկը մասամբ վերանորոգվել է, մյուսը նախատեսվում է առաջիկայում նորոգել»,– նշում է Կարապետյանը: 

Կենտրոնն ապահովված է ինտերնետով, սենյակներում և մեծ սրահում տեղադրված են հեռուստացույցներ։ Բնակիչների մի մասը օգտվում է համացանցից, որոշ տարեցներ նույնիսկ պլանշետներ ունեն։ Տնօրենը նշում է, որ հիմնականում ինտերնետը օգտագործում են ժամանցի համար։ Խնամքի կենտրոնում բնակիչները հաճախ դիմում են տարբեր հարցերով ու խնդիրներով, և ըստ հնարավորությունների՝ կենտրոնը փորձում է աջակցել և լուծումներ գտնել։

«Վերջերս բնակիչներից մեկը դիմեց, ասաց, որ գիրք է գրել ու ուզում է հրատարակել։ Աջակցեցի, և գիրքը հրատարակվեց։ Ճիշտ է, դիմում են նաև կենցաղային խնդիրներով, հաճախ տեղափոխությունների համար են դիմում, երբ համակեցությունը խնդիր է։ Բոլոր իրավիճակներում փորձում ենք լուծում գտնել»,– նշում է տնօրենը:

Այսօր միակ խնդիրը չնորոգված մասնաշենքն է, որի պայմանները տարեցների համար հարմար չեն, բայց շուտով այդ խնդիրն էլ կլուծվի, ասում է տնօրենը։ Այլ խնդիրներ, գոնե այս պահին, չի տեսնում։

Կենտրոնում այսօր 100-ից ավելի աշխատակից կա, ու տարեցները նրանց ուշադրության կենտրոնում են։ «Էլ ի՞նչ է պետք նրանց, բնականաբար՝ ուշադրություն»,– ասում է հոգեբան Մելինե Աբրահամյանը։

Տարիների ընթացքում թե՛ տխուր, թե՛ ուրախ դեպքերի է ականատես եղել Մելինեն։ Որոշ դեպքեր հիշողության մեջ դաժան հետք են թողել։

«Չեմ մոռանա, Վայքից մի կին բերեցին մեզ մոտ, 8 երեխա ուներ ու չէր կարողանում համակերպվել, որ իր երեխաներն իրեն բերել են։ Ամեն օր բարձր ձայնով լաց էր լինում, փորձում էր փախչել։ Իր սթրեսից հիշողության կորուստ ու դեմենցիա ձեռք բերեց։ Այդպես էլ մահացավ՝ առանց իրականության հետ հաշտվելու»,– ասում է Մելինեն։

Բնակիչներից յուրաքանչյուրն իր անձնական պատմությունն ու լռության լեզուն ունի։ Նրանցից ամեն մեկն ինչ-որ բան է թողել հետևում՝ տուն, ընտանիք, մասնագիտություն, կորուստ, ցավ կամ հուշեր։ Ամեն մեկը յուրովի է փորձում հաշտվել անցյալի հետ կամ մոռացության տալ ապրածը։

Կենտրոնում բնակվում է նաև մի կին, որը երկար տարիներ դասախոսել է համալսարանում։ Այժմ չի շփվում մյուս բնակիչների հետ, ժամանակը միայնակ է անցկացնում իր սենյակում, շփվում է բացառապես կենտրոնի աշխատակիցների հետ։ Ասում են՝ նրա աղջիկը հանրությանը հայտնի մարդ է։

«Տարիքից ու մտածողության առանձնահատկություններից ելնելով՝ որոշ բնակիչներ երբեմն դժվար են համակերպվում այն մտքի հետ, որ իրենց ծերությունն անցնում է խնամքի կենտրոնում, այլ ոչ ընտանեկան միջավայրում։ Շատերին թվում է, թե լքված են, չեն գնահատվել այն ամենի համար, ինչ տարիների ընթացքում վաստակել են։ Բայց քանի որ մեծ մասը այստեղ է հայտնվում սոցիալական ծանր պայմաններից հետո, կենտրոնի ապահով միջավայրը, ընդունելությունն ու վերաբերմունքը օգնում են նրանց աստիճանաբար հարմարվել ու զգալ, որ մենակ չեն»,– ասում է Մելինե Աբրահամյանը։

Այս ամենի կողքին կենտրոնում նաև օրերը տարբերվող են: Հաճախ կազմակերպվում են միջոցառումներ, հյուրեր են գալիս, գործում են թատերական խմբակ ու տարբեր թերապիաներ՝ ասեղնագործություն, երաժշտաթերապիա, ծաղիկների խնամք, մանդալաթերապիա և այլն։ Հոգեբանը պատմում է, որ տարիների ընթացքում կենտրոնում եղել են նաև սիրո ու ամուսնության պատմություններ։

«Տարիներ առաջ նույնիսկ մեծ հարսանիք ենք արել՝ հարսի շորով, քահանայով, քավորով։ Հիմա կենտրոնում երեք ընտանիք է ապրում։ Նրանցից մեկը կենտրոն է եկել արդեն ամուսնացած, մյուս զույգը դրսում է ծանոթացել, բայց հենց այստեղ է օրինականացրել իրենց միությունը, իսկ երրորդ զույգը հենց մեր կենտրոնում է ծանոթացել ու որոշել ամուսնանալ»,– ժպիտով պատմում է Մելինեն: 

81-ամյա Սևան Շեմսյանն ու 84-ամյա Ռայա Աղաջանովան, երբ առանձին էին ապրում, հարևանների հետ հաճախ էին կոնֆլիկտներ ունենում։ Բայց կենտրոնում միասին ապրելով կարծես ավելի հանդարտվել են։ Թեպետ հիմա էլ վիճում են՝ երբեմն որոշում են բաժանվել, բայց մի տասը օրից կրկին հաշտվում են։

Սևանը պաշտոնաթող զինվորական է, գնդապետ, իսկ Ռայան՝ ինքնուս կոմպոզիտոր։
«Արցախյան պատերազմի մասնակից եմ։ Երբ լսեցի Ռայայի ստեղծագործությունները, որոշեցի իր մասին բոլորին պատմել, որ ճանաչեն։ Ավելին քան 200 ստեղծագործություն ունի, մինչև հիմա էլ շարունակում է գրել։ Շատ կիրթ կին է, հարգում եմ իրեն»,– պատմում է Սևանը։

Ռայային կենտրոնում նվագելիս է նկատել Սևանը։ Երաժշտության հանդեպ սեր ուներ նաև ինքը՝ անտարբեր չի անցել նրա կողքով։

«Ինքը մոտեցավ, ասաց՝ գիտե՞ք, որ դուք հանճար եք։ Ծիծաղելով պատասխանեցի՝ գիտեմ։ Հարցրեց՝ ո՞վ է ասել, ես էլ պատմեցի, որ մի անգամ Եվգենի Դոգան երեք ժամ շարունակ լսել է իմ նվագը ու վերջում մոտեցել, ասել՝ «Դուք իսկական հանճար եք։ Ինչպե՞ս կարող է Հայաստանում ձեզ չճանաչեն»։ Խոստացավ, որ բոլոր համերգներիս ներկա է լինելու»,– ժպիտով հիշում է տիկին Ռայան։

Նա դեռ մանկուց էր սիրել նվագել, բայց երբեք երաժշտական կրթություն չի ստացել։ 

Կենտրոնի միջանցքով մի կին էր շրջում՝ սայլակի վրա տարբեր տեսակի ուտեստներով։ Ճաշի ժամն է։ Շատերը կամացուկ քայլերով դեպի ճաշարան են գնում, իսկ ինքը ճաշ է բերել նրանց համար, ովքեր ճաշարան գնալ չեն ուզում կամ չեն կարող։ 

Կյանքն այստեղ ընթանում է բնականոն հունով, դրսի աշխարհի խնդիրներից ու լարված իրականությունից հեռու: Բայց կենտրոնի պատերից ներս նրանք շարունակում են կրել իրենց հետ մի ամբողջ անցյալ՝ մանկության անհոգ օրերից մինչև պատերազմի ստվերները, առաջին սիրուց մինչև վերջին հրաժեշտը։ Նրանց հիշողությունների խորքում դեռ ապրում են ձայներ ու անուններ, որոնք աշխարհը վաղուց մոռացել է։

Սաթենիկ Հայրապետյան

MediaLab.am