8-ամյա տղան մարմնի 80% այրվածքներ էր ստացել․ աննախադեպ համարվող, բարդ վիրահատություն է կատարվել

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ռուս պրոֆեսորի մասնակցությամբ մեր երկրի վիրաբուժության մեջ աննախադեպ համարվող, բարդ վիրահատություն է կատարվել:

ԲԿ-ից հայտնում են, որ մեկ տարի առաջ ապրիլին Վայոց Ձորում ավտովթար էր տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան ձորն էր ընկել ու բռնկվել։ Ընտանիքի 4 անդամներից 8-ամյա տղան մարմնի 80% այրվածքներ էր ստացել:

Հայրը, մայրը, քույրն ու եղբայրը քիչ էին տուժել։2020 թվականի ապրիլի 28-ին երեխան ընդունվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք` 60 տոկոս մարմնի և 20 տոկոս շնչուղիների այրվածքներով։Երեխայի վիճակը գրեթե անհույս էր. նաև այրվածքաբանների կողմից էր գնահատական տրվել, թե հնարավոր է` մի քանի օրից մահանա։

Համակարգված աշխատանքի ու մասնագետների ջանքերի շնորհիվ կենտրոնում կարողացել են տղային դուրս բերել այդ ծանր վիճակից։Այս մեկ տարվա ընթացքում տղան 15-ից ավելի վիրահատություն է տարել, բայց քայլակի օգնությամբ արդեն քայլում է։

Այսօր էլ հերթական՝ ծանր ու աննախադեպ վիրահատությունն է տարել: Կատարվել է շնչափողի ցիրկուլյար մասնատում և կերակրափողի պլաստիկա: Այն կատարել են պրոֆեսոր Ռազումովսկին, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու բժշկական կենտրոնի թիմը: Տղայի վիճակը ծանր կայուն է, շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ: