«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը
– ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում, Մինսկի խումբը չկարողացավ ստեղծել հակամարտող կողմերի միջև երկխոսության պայմաններ։ Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում օրերս ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպե՞ս եք գնահատում Լավրովի այս արձանագրումը, և ինչո՞ւ հենց հիմա Ռուսաստանը որոշեց խոսել այդ մասին, պարո՛ն Կարապետյան:
– Եթե արցախյան վերջին դեպքերից տարիներ անց Լավրովը նման հայտարարությամբ է հանդես գալիս, ապա դա տարակուսանք է առաջացնում այն առումով, թե ինչո՛ւ մինչև այս պահը պաշտոնական Մոսկվան, լինելով անդամ երկիր, որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: Ինչո՞ւ է հիմա փորձում իր դեմքը մաքրելով՝ մեղքը բարդել իր երկու արևմտյան գործընկերների վրա ու ցույց տալ, որ այդ կառույցի կենսագործունեության տեսանկյունից իրենք ամեն ինչ արել են:
Որքան էլ մեդիան այս հայտարարությունը համարեց նորություն, ես բնավ այդ կարծիքին չեմ, որովհետև գոյություն ուներ հենց Լավրովի հրապարակած «Հելսինկյան ակտի կես դարը. սպասումներ, իրականություն ու հեռանկարներ» վերտառությամբ հոդվածը, որում նա նշում է, որ Մինսկի խումբը տոտալ ձախողված է եղել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում, ու այս համատեքստում ձեր մատնանշած հայտարարությունը կրկնվում է, նորություն չէ, ու նույն տրամաբանության մեջ է մեղադրանքը արևմտյան գործընկերներին, թե նրանք դադարեցին համագործակցել Ռուսաստանի հետ, խումբը կորցրեց իր ամբողջական իմաստն ու բովանդակությունը:
Բայց ես ուղիղ հարց կուղղեի պարոն Լավրովին․ իսկ դո՛ւք ինչ եք արել որպես երեք համանախագահող երկրներից մեկը, որպեսզի խումբն իր կենսագործունեությունը չդադարեցներ: Լավրովի արտահայտած այս դիրքորոշումը նորություն չէ, այստեղ իրենց դեմքը մաքրելու նպատակն է:
Փաստացի Լավրովը նաև ասում է, որ այս խումբը դարձել է անիմաստ՝ հատկապես Արևմուտքի ու Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելուց հետո, այսինքն՝ ինքը շեշտադրում է, որ դա բացառապես Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու հետևանք է: Լավրովն այսպիսով կրկնում է ռուսական կողմի հիմնական նարատիվը, որ ԼՂ-ի հարցում Արևմուտքի մասնակցությունը ոչ միայն անարդյունավետ էր, այլ նաև՝ վնասակար: Այսինքն՝ Լավրովը ձևավորում է դիվանագիտական հակաքարոզչություն Արևմուտքի ներգրավման դեմ, դե ֆակտո լեգիտիմացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործությունը, մերժում է դրա վերակենդանացման հնարավորությունը։
Սրանով է ռիսկային այս ամենը, որովհետև ի՞նչ է անում Բաքուն․ պնդում է, որ ԼՂ-ի հարց այլևս գոյություն չունի ու փորձում է ջնջել ցանկացած ձևաչափ, որտեղ Արցախը դիտարկվում է որպես առանձին սուբյեկտ, իսկ այս տեսանկյունից Մինսկի խումբը հակասում է այս ռազմավարությանը, ու Բաքվի արձագանքը Լավրովի խոսքին փաստացի բացահայտում է Ռուսաստանի ու Բաքվի դիրքորոշումների համընկնում, առնվազն այս պահին:
– Կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանն ընդունում է Ադրբեջանի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու՝ Հայաստանին ուղղված պահանջը:
– Այո՛, առաջին հայացքից ստացվում է, որ նույն ձևաչափի մեջ են, այսինքն՝ խոսում են մեղադրանքով, բայց պետք է նաև արձանագրել, որ համանախագահող որևէ երկիր հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ, որ Մինսկի խմբի լուծարումը բացառված է, որ ձևաչափը կենսունակ է, որ համանախագահները պետք է այցելեն տարածաշրջան ու վերաբացեն կոնֆլիկտը, որովհետև այն չի կարող նմանատիպ հանգուցալուծում ունենալ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















