Փաշինյանն ակնկալում է ժողովրդից ստանալ «թավշյա մանդատը պողպատե մանդատով» փոխարինելու լիազորություն

 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ իրենց ուժն առաջիկա խորհրդարանական ընտրություններին քաղաքացիներից կստանա «թավշյա մանդատը պողպատե մանդատով» փոխարինելու լիազորություն՝ ուղղելու երկրի ողնաշարը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետի պաշտոնակատարն այս մասին ասաց Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Ես մեր թիմի ներկայացուցիչներին հետևյալն էի ասում՝ հիմա մեր պատասխանատվությունն ավելի մեծ է, քան 2018-ին, որովհետև 2018-ին, այնուամենայնիվ, ուրիշ իրավիճակ էր: Ըստ էության՝ ամբողջ Հայաստանը մեր դիրքորոշումը պաշտպանում էր, բայց այսօր մեր կողքին կանգնած ամեն մարդու դիրքորոշում մեզ համար տասնապատիկ ավելի մեծ պարտավորություն է»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այս պահից սկսած չունեն ոչ մի իրավունք՝ որևէ հարցում ընդհանրապես սխալվելու: Փաշինյանն իրենց թիմի համակիրներին շնորհակալություն հայտնեց վստահության համար և հորդորեց ոչ մի վայրկյան չկասկածել՝ իր խոսքերի, հուզումների մեջ ոչ մի կեղծիք չկա:

«Ես ձեզնից յուրաքանչյուրիդ սիրում, հարգում և գնահատում եմ՝ ինչպես իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամի: Ես ձեզնից յուրաքանչյուրի առաջ նույնպիսի պարտավորություն ունեմ, ինչպես իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամի առաջ: Ես մեր յուրաքանչյուր նահատակի առաջ նույնպիսի պարտավորություն ունեմ, ինչպես իմ որդու առաջ….»,-ասաց նա:

Փաշինյանը միևնույն ժամանակ հասկանում է, որ այդ պարտավորությունները կատարելը հեշտ չէ, միայն սիրով, միայն ցանկությամբ դա հնարավոր չէ իրագործել:

«Մեզնից պահանջվում են գերմարդկային ջանքեր ու ընդունակություններ: Եվ մենք այսօր եկել ենք ասելու, որ մենք այդ ջանքերը գործադրելու ենք: Որտեղի՞ց մեզ գերմարդկային ուժ, ձեզնից: Այսօրվա դահլիճը, նախորդ օրվա դահլիճը, դուք, մեզ տալիս եք ուժ»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այդ հանդիպումները հիմա ավելի շատ պետք են ոչ թե քաղաքացիներին, այլ իրենց, որպեսզի ստանան մանդատը, ուժը, էներգիան: «Պետք է ձեզնից ստանանք թավշե մանդատը պողպատե մանդատով փոխարինելու լիազորությունը և պողպատե մանդատով ուղղենք մեր երկրի ողնաշարը»,-նշեց Փաշինյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: