«Սպառազինությունների մրցավազքի հրահրումը վտանգում է ոչ միայն խաղաղությունն ու անվտանգությունը, այլեւ կայուն զարգացումը». Էդվարդ Նալբանդյանի ելույթը «Ռիո+20»-ում

«Սպառազինությունների մրցավազքի հրահրումը վտանգում է ոչ միայն խաղաղությունն ու անվտանգությունը, այլեւ կայուն զարգացումը». Էդվարդ Նալբանդյանի ելույթը «Ռիո+20»-ում
«Սպառազինությունների մրցավազքի հրահրումը վտանգում է ոչ միայն խաղաղությունն ու անվտանգությունը, այլեւ կայուն զարգացումը». Էդվարդ Նալբանդյանի ելույթը «Ռիո+20»-ում

Ինչպես տեղեկացնում է news.am-ը հունիսի 20-ին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացմանը եւ բնապահպանությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովը, որի ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Գագաթաժողովի աշխատանքներին մասնակցում են 192 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

Այս ձեւաչափով տասնամյակը մեկ գումարվող գագաթաժողովը համարվում է Կայուն զարգացման նպատակների իրականացման համաշխարհային նշանակության կարեւորագույն միջոցառում:

Նալբանդյանն իր ելույթում անդրադարձել է կայուն զարգացման եւ բնապահպանության բնագավառներում Հայաստանի կողմից իրականացված քայլերին, խոսել տարածաշրջանային զարգացմանը խոչընդոտող գործոններից, մասնավորապես, միջազգային իրավունքի խախտմամբ կիրառվող շրջափակումից, բնական պաշարների վաճառքից ստացված եկամուտները սպառազինությունների մրցավազք հրահրելուն ուղղված գործողություններից:

Այս գագաթաժողովի շրջանակներում հունիսի 15-ին, Ռիո դե Ժանեյրոյում, Հայաստանը, մի շարք միջազգային կազմակերպությունների եւ առաջատար համալսարանների հետ համատեղ կազմակերպել է քննարկումներ նվիրված  կայուն զարգացման ինդեքսի հաշվարկման մեթոդաբանությանը, որը բավական արդյունավետ ընթացք է ունեցել:

«Հազարամյակի հռչակագրի կարեւոր մաս նվիրված է անվտանգության եւ կայունության փոխկապակցվածությանը: Այդ առումով կառավարությունները պարտավորվել են ջանք չխնայել ժողովուրդներին պատերազմի աղետից ազատելու համար:

Այս համատեքստում սպառազինությունների մրցավազքի հրահրումը վտանգում է ոչ միայն խաղաղությունն ու անվտանգությունը, այլեւ կայուն զարգացումը: Դժբախտաբար մեր տարածաշրջանը զերծ չէ այդ վտանգից:

Այսօր, մենք ականատես ենք հարեւան Ադրբեջանի ռազմական բյուջեի աննախադեպ աճին: Այդ երկրի ամենաբարձր ղեկավարության կողմից որդեգրած ռազմատենչ կեցվածքն իրական վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանը, կայունությանը եւ զարգացմանը»,-ասել է Նալբանդյանը:

© Medialab.am