Ստեփանակերտում չճանաչված պետությունների հետպատերազմյան խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով է կազմակերպվել


Հունիսի 12-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում կազմակերպվել է միջազգային գիտաժողով՝ «Նորակազմ (չճանաչված) պետությունները պատերազմից հետո. խնդիրներն ու դրանց լուծման ուղիները» թեմայով, հաղորդում է Արցախպրեսը։

Մինչ գիտաժողովը սկսելը՝ մասնակիցները թարմ ծաղիկներ են խոնարհել համալսարանի՝44֊օրյա պատերազմում զոհված ուսանողների հուշատախտակին:

Միջազգային գիտաժողովի մասնակիցները այս օրը զոհված Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակը հարգել են 1 րոպե լռությամբ:

Միջազգային գիտաժողովները ավանդական երևույթ են Մեսրոպ Մաշտոց համալսարանում, սակայն այսօրվա միջոցառումը առանձնանում է նրանով, որ առաջինն է հետպատերազմյան շրջանում։

«Գիտաժողովը կնպաստի միասին մեր պետության առջև ծառացած խնդիրները վեր հանելուն, արժևորելուն և հնարավոր լուծումներ առաջարկելուն, ուստի ակնկալում ենք բոլորի ակտիվ մասնակցությունը քննարկումներին, որովհետև յուրաքանչյուրի կարծիքն այսօր շատ կարևոր է», – բացման խոսքով հանդես եկավ ՄՄՀ ռեկտոր, մ.գ.թ., ՄՄՀ պրոֆեսոր Դ.Ս.Գաբրիելյանը: ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն իր խոսքում կրթությունն ու գիտելիքը համարեց այն կարևոր բաղադրիչները, որոնցով մենք կարող ենք ճանաչել տալ մեր երկիրը:

«Գիտությունը սահմաններ չի ճանաչում և մեծ հաշվով աշխարհում բոլոր հաղթանակները, բոլոր հաջողությունները չափվում են գիտելիքով: Որտեղ կա պարտություն, այնտեղ կա գիտելիքի պակաս, և մեր պարտությունը պայմանավորված է եղել նախևառաջ կրթությամբ ու գիտությամբ», – ընդգծել է Լ. Ղարախանյանը: