Ներքաղաքական կյանքում ռազմագերիների հարցը չպետք է շահարկվի. Էդմոն Մարուքյան

 Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ողջունում է 15 հայ ռազմագերիների վերադարձը:

«Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին՝ նրանց վերադարձնելու դիմաց տարատեսակ նախապայմաններ դնելով: Դա ահաբեկչական երկրի արարք է: Ահաբեկիչներն են պատանդներ վերցնում ու ահաբեկիչներն են պատանդներին պահելով նախապայմաններ դնում»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ, ասաց Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, ռազմագերիների հարցի լուծումը միջազգային իրավունքի տիրույթում է, հայկական կողմն այստեղ պետք է շատ լուրջ շեշտադրում կատարի: Էդմոն Մարուքյանի համոզմամբ, Հայաստանի արտաքին դիվանագիտական ճակատի ամրացման արդյունքում ռազմագերիները կարող են վերադարձվել:

«Հիմա բարդ իրավիճակ է, գիտեք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնյաները հրաժարական են տվել: Ես կարծում եմ, որ ընտրություններից հետո, այն օրակարգը, որ մենք ենք ներկայացնում, եթե կյանքի է կոչվում, ապա այս խնդիրը շատ արագ կարող է լուծվել: Այսինքն՝ ռազմագերիների խնդիրը կարող է շատ արագ լուծվել, եթե մենք երկրի ներսում մեր խնդիրները լուծենք ու արտաքին ճակատում ուժեղանանք: Ոչ մի պարագայում ռազմագերիների վերադարձը մեր ներքաղաքական կյանքում չպետք է շահարկվի: Երևի ամեն ինչ կարելի է շահարկել, բայց մարդուն գերությունից ազատելը չպետք է շահարկվի»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղում բնակիչների հետ հանդիպմանը հայտնեց 15 հայ ռազմագերիների վերադարձի մասին: Արդեն Գավառում բնակիչների հետ հանդիպմանը մանրամասնելով գործընթացը՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այդ հարցում մեծ աջակցություն են ցուցաբերել միջազգային գործընկերները: Վարչապետի պաշտոնակատարը հաստատել էր նաև Ադրբեջանին ականապատ տարածքների վերաբերյալ քարտեզներ փոխանցելու մասին տեղեկությունը: