Հունիսի 20-ին ոչ մի ձայն կեղեքիչ էլիտային. Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Վեդիում բնակիչների հետ հանդիպմանը կոչ արեց ակտիվ մասնակցել ընտրություններին և քվեարկել քաղաքացու իշխանության օգտին:

«Շատ հաջողված ու տպավորիչ քարոզարշավ ենք անցկացնում Արարատի մարզում: Այժմ Վեդիում ենք ու մենք տեսնում ենք, որ քաղաքացիական կամքը, քաղաքացիական ուժն այստեղ հզոր է: Համոզված եմ, որ այդ ուժի հզորությունը շատերը զգալու են 2021 թվականի հունիսի 21-ին: Մենք այս ընտրությունների հետ կապված չենք ասել, որ հաղթելու ենք, մենք ասել ենք, որ այս ընտրություններում քաղաքացին է հաղթելու, որովհետև մեր քաղաքական ուժի հաղթանակը՝ 63 տոկոս և ավել ձայն ստանալը նշանակում է ձեր հաղթանակը: Համար 3-ը իրականում ձեր քվեաթերթիկն է, այստեղ յուրաքանչյուրիդ անունն է: Այս քվեաթերթիկով չի որոշվում` մենք կլինենք իշխանության, թե ոչ: Այս ընտրություններով որոշվում է ՀՀ քաղաքացին կլինի՞ իշխանության, թե ոչ: Ես կարծում եմ, որ այդ հարցին անշրջելի պատասխան է տրված: ՀՀ քաղաքացին կա ու այսուհետ էլ պետք է լինի Հայաստանի բարձրագույն իշխանություն: Սա է պատճառը, որ մենք ձեզ ասում ենք՝ գնացեք ընտրական տեղամասեր և յուրաքանչյուրդ քվեարկեք ձեր օգտին: Համար 3-ին ձայն տալով՝ դուք քվեարկում ենք ՀՀ քաղաքացու իշխանության օգտին»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ներկայացնելով գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո պետությունը միայն մեկ բան է ուզել գործարարներից՝  հարկեր վճարել:

«Փայ մտնել, նալոգ դնել… Այդ տիպի հարաբերությունները վերացած են Հայաստանից: Ես չեմ բացառում մնացորդային երևույթներ, սակայն դրանց դեմ նույնպես պայքարում ենք ու կան նույնիսկ ձերբակված պաշտոնյաներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Հավաքված քաղաքացիները բղավեցին, որ ժամանակին պետք էր նախկին պաշտոնյաներին ձերբակալել: Ի պատասխան քաղաքացիներին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ճիշտ եք ասում: Ում մենք պետք է դատեինք ու չենք դատել, դուք հունիսի 20-ին իրավունք ունեք դա անելու՝ ոչ մի քվե չտալով: Դա կլինի ժողովրդական ուղերձ մեր դատաիրավական համակարգին, որ հանցագործները պետք է նստեն բանտում: Հունիսի 20-ին գնացեք արեք ձեր դատը, դա կլինի ոչ միայն քաղաքական ակցիա, այլև հստակ ուղերձ մեր դատաիրավական համակարգին, որ ժողովրդին թալանած հանցագործները տեղ չունեն հանրային քաղաքական կյանքում: Հունիսի 20-ին ոչ մի ձայն կեղեքիչ էլիտային»: